Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԱՍՎԱԾ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Սպորտ

Երեկ Չեխիայում Հայաստանի ֆուտզալի հավաքականի կրած խայռատակ պարտությունը Ադրբեջանի ընտրանուց շոկային վիճակի մեջ գցեց մեր մարզասեր հասարակությանը: Պատահական չէ, որ հանդիպմանը ներկա հայ երկրպագուները 5-րդ գոլից հետո լքել են մարզադահլիճը, իսկ հանդիպումը ինչպես արդեն տեղացրել էինք ավարտվել էր 9:1 հաշվով, հօգուտ հարեւան երկրի հավաքականի:

Իսկ անհաջողությունը ամենեւին էլ անսպասելի չէր: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը միայն «Ա1+»-ի հետ զրույցներում 4-5 անգամ ընդգծել էր, որ հայ ֆուտբոլիստները Հայաստանում զրկված են միջազգային ստանդարտներին քիչ թե շատ համապատասպանում դահլիճում մարզվելու հնարավորությունից:

«Հայաստանում ֆուտզալի նկատմամբ հետաքրքրությունը մարեց դահլիճ չլինելու պատճառով: Երբ մենք վերադարձանք Եվրոպայից, «Դինամոն» մեզ դահլիճ չտվեց, իսկ մինչ այդ անկախ մեր կամքից 1000-1500 մարդ էր գալիս դահլիճ, իսկ այսօր «Կիլիկիա» մարզադահլիճ չեն հաճախում, որովհետեւ տարրական պայմաններ չկա, - այս մասին Նազարեթյանը ասել էր ուղիղ մեկ տարի առաջ «Ա1+»-ին տված հարցազրույցում եւ ավելացրել. Այդ ժամանակ ես գլխավորում էի «Թալ Գրիգը» եւ այն մեծ անուն էր հանել: Ինչպես գիտեք «Բենֆիկայի» հետ հանդիպումից հետո (այս թիմը Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկն է- խմբ.) ողջ Եվրոպան խոսում էր «Թալ Գրիգի» մասին: Լոնդոնւմ առաջին փուլում հաղթեցինք, իսկ հաջորդ փուլում պարտվեցին «Բենֆիկային», այն էլ 30 վարկյան էր մնում հանդիպման ավարտին, երբ գնդակ ընդունեցինք: Դրանից հետո, երբ եկան Հայաստան, մեր ներքին գործերի նախարարությունը փոխանակ ավելի ուշադրություն դարձներ` կտրականապես արգելեց «Դինամո» մարզահամալիրում հանդիպումներ անցկացնելը: «Թալ Գրիգի» ղեկավարությունն էլ տեսնելով, որ նույնիսկ դահլիճի հարց չի լուծվում, որոշեց, որ անիմաստ է նման գումարներ ծախսելը: Սա էր պատճառը, որ ամեն ինչ գրեթե փլուզվեց»:-

Ամիսներ անց հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները միմյանց հետ մրցելու են ընտրական փուլում: Թվում էր գոնե այս հանգամանքը ավելի կզգոնացնի մեր չինովնիկներին` Հայաստանի հավաքականի համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելու համար: Բացի դահլիճի չլուծված հարցը, Հայաստանը նաեւ խաղային պրակտիկա չուներ, քանի որ ընկերական հանդիպումներ գրեթե չէր անցկացնում: Եթե Ադրբեջանը մեկը մյուսի հետեւից ստուգողական հանդիպումներ էր անցկացնում եւ մի շարք լեգեոներների փորձարկում, ապա հայ ֆուտբոլիստները կամ պարապուրդի էին մատնված կամ էլ բավարարվում էին Հայաստանի խիստ ցածր մակարդակ ունեցող առաջնության հանդիպումներով: Նախքան Չեխիա մեկնելը Հայաստանը ընդամենը երկու ստուգողական հանդիպումներ անցկացրեց` Իրանում մրցելու տեղի ազգային եւ երիտասարդական հավաքականներ հետ: Մինչդեռ Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումներ անցկացնելու ցանկություն ունեին մի շարք առաջատար եվրոպական երկրներ:

Ինչեւէ Հայաստանի հավաքականը այսօր մրցելու է Չեխիայի հետ, որը երեկ 6:1 հաշվով պարտության է մատնել Ֆինլանդիային: