ՊՈՈՒԼՍԵՆԸ ԳՈՀ Է ՄԱԼԹԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը արդեն 20 օր է գլխավորում է դանիացի փորձառու մասնագետ Յան Պոուլսենը: Հավաքականի նոր մարզիչը մինչ Հայաստանի հավաքականը գլխավորելը գրեթե ծանոթ չէր մեր ֆուտբոլին, իսկ Հայաստանի հավաքականի մասին որոշակի պատկերացում էր կազմել` «Եվրո-2008»-ի ընտրական հանդիպումների տեսագրությունները դիտելով: Սակայն կարճ ժամանակահատվածում Պոուլսենը հնարավորություն ունեցավ ծանոթանալ Հայաստանի ազգային թիմին, քանի որ փետրվարի 2-6-ը Մալթայում կայացած միջազգային մրցաշարում հայ ֆուտբոլիստները միանգամից 3 պաշտոնական հանդիպում անցկացրեցին:
«Ինձ համար դա շատ կարեւոր մրցաշար էր: Ես պետք է ծանոթանայի հավաքականի թեկնածուներին կարողություններին: Որքան շատ տեղեկություն ստանայի հավաքականի մասին, այնքան լավ կլիներ ինձ համար», - նշեց Յան Պոուլսենը:
Մալթայում Հայաստանի հավաքականը 3 հանդիպումներից 2-ում պարտություն մատնեց մրցակիցներին, իսկ Իսլանդիային պարտվեց: Մարզչի կարծիքով Հայաստանը 3 տարբեր հանդիպումներ անցկացրեց. «Ես նորմալ եմ գնահատում Մալթայի հետ հանդիպումը: Մենք մեծ առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ եւ ավելի լավ էինք խաղում, սակայն սխալներ էլ կային: Մասնավորապես, գնդակը կենտրոնում շատ էինք կորցնում: Բայց ընդհանուր առմամբ ես այդ խաղից գոհ եմ, քանի որ լավ խաղ ցուցադրեցինք եւ առաջին հաղթանակը տոնեցինք: Գտնում եմ, որ լավագույն հանդիպումը անցկացրեցինք Բելառուսի հետ: Հատկապես 2-րդ կեսում շատ արագ եւ կոմպակտ խաղ էինք ցուցադրում»:
Ինչ վեաբերվում է Իսլանդիայի հետ մրցավեճին, որում Հայաստանը զիջեց 0:2 հաշվով, ապա Պոուլսենը նշեց, որ իսլանդացիների դեմ շատ դժվար էր պայքարելը. «Նրանք հանդես էին գալիս 4+4+1+1 մարտավարությամբ, կենտրոնը հագեցած էր եւ շատ բարդ էր ինչ-որ ճանապարհներ գտնել դեպի նրանց դարպասը: Առաջին կեսի արդեն ավելացրած ժամանակահատվածում շատ անփույթ գոլ բաց թողեցինք, որից հետո չկարողացանք վերգտնել մեր խաղը»:
Պոուլսենը հույս ունի, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կացկացնի: ՖԻՖԱ-ի խաղացանկով հաստատված այդ օրը օգտագործելու համար ներկայումս ՀՖՖ-ն բանակացություններ է վարում 2-3 հավաքականների հետ եւ առայժմ հստակ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել:
Մեկնաբանելով 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղացանկը Յան Պոուլսենը ասաց. «Սա արդեն փաստ է եւ մենք ոչինչ փոխել չենք կարող: Նորմալ վիճակահանություն է: Ինչպես էլ լիներ մենք պետք է համակերպվեինք: Իհարկե, շատ բարդ է 3 խաղ անընդմեջ անցկացնել հյուրընկալվելիս, բայց մենք այդ հանդիպումներից միավորներ ակնկալում ենք: Շատ բարդ է լինելու, բայց դա լավ հնարավորություն է ուժերը ստուգելու համար»:
Վերջում Պոուլսենը խոսեց Հայաստանի եւ մասնավորապես Երեւանի մասին: Թեեւ ժամանել է հյուսիսային երկրից, սակայն գտնում է, որ ներկայումս Հայաստանում բավական ցուրտ է. «Այդքան երկար ժամանակ չեմ այստեղ, որ առանձնահատուկ ինչ-որ տպավորություն ստանամ: Շատ եմ լսել, որ Երեւանը հատկապես գեղեցիկ է ամռանը եւ ակնկալում եմ դա տեսնել: Շատ եմ կարդացել երկրի մասին եւ բավական ինֆորմացիա արդեն ունեմ: Առաջին տպավորություններս շատ դրական են: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ, որ բոլոր մարդիկ շատ բարեհամբյուր են ինձ նկատմամբ»: