Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՆ

Սպորտ

Հայկական ակումբները շարունակում են նախապատրաստվել է գալիք մրցաշրջանին եւ հիմնականում դա անում են արտասահմանում: Փոխչեմպիոն «Բանանցը», պարտվելով ուկրաինական «Դնեպրին» եւ «Մետալուրգին», այսօր ուշ երեկոյան Կիպրոսում կանցկացնի հերթական ստուգողական մրցավեճը: Հավանաբար «Բանանցի» մրցակիցը կլինի Սերբիայի ուժեղագույն ակումբը` «Ցրվենա Զվեզդան»:

Չեմպիոն «Փյունիկը» փետրվարի 14-ին մեկնելու է Սոչի, որտեղ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Ռուսաստանում «Փյունիկը» անցկացնելու է նաեւ 3 ստուգողական հանդիպում: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Սոչի են մեկնելու 22 ֆուտբոլիստներ, այդ թվում թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը, որը արդեն վերականգնվել է ստացած վնասվածքից հետո: Երեւանում թիմը հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել 2:1 հաշվով առավելության հասնելով «Ուլիսի» նկատմամբ: Այս մրցավեճին «Փյունիկի» կազմում ընդգրկված չեն եղել Հայաստանի հավաքականի անդամները: Առայժ թիմում չկա որեւէ համալրում: Սպասվում է, որ Սոչիում «Փյունիկը» փորձարկելու է դարպասապահի: Այլ օղանկերում «Փյունիկը» չի պատրաստվում ուժեղացնել կազմը: Սոչիից վերադառնալուց հետո չեմպիոնը մարզումները կշարունակի Երեւանում, իսկ մարտի 4-ին կմեկնի Անթալիա, որտեղ 14 օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Երեւանի «Արարատը», նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, շարունակում է հավաքը Խորվաթիայի Մեդոլին քաղաքում եւ անցկացնում ստուգողական հանդիպումներ: Խորվաթական «Ինտերին» 0:4 հաշվով զիջելուց հետո «Արարատը» 0:1 հաշվով զիջել է սերբական «Վոյվոդինային» հետ: Ի դեպ, այս թիմի կազմում ժամանակին հանդես է եկել Դուշան Միհիչը:

Երեւանի «Ուլիսը» շարունակվում է նախապատրաստվել Արարատի «Այգ» մարզաբազայում: Հավաքը կավարտվի փետրվարի 24-ին, որից հետո էլ հայտնի կդառնա, թե փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից որոնք են պայմանագիր կնքելու ակումբի հետ եւ մարտին մեկնելու Անթալիա ուսումնամարզական հավաքի: Աշտարակի «Միկան» այս օրերին գտնվում է Թուրքիայի Անթալիա քաղաքում, սակայն,ինչպես միշտ, ակումբում տեղյակ չէին, թե թիմը ում հետ է մրցել եւ ինչ արդյունքներ են գրանցվել: