ԶԵԲԵԼՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ԲԱԼԹԻԿԱ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Ռոբերտ Զեբելյանը մերձմոսկովյան «Խիմկիից» տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա»: Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի կեսից հայտնվեց «Խիմկի», որը անցկացրեց 10 հանդիպում, սակայն չկարողացավ դառնալ որեւէ գոլի հեղինակ: Հունվարին Ռոբերտ Զեմեբլյանը «Խիմկիից» վերադարձել էր իր նախկին ակումբ` Կրասնոդարի «Կուբան», որի կազմում մասնակցում էր Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքին: Հենց Թուրքիայում էլ Զեբելյանը տեղափոխվել է «Բալթիկա», որը եւս Հայաստանի հարեւան երկրում է անցկացնում իր ուսումնամարզական հավաքը: Ռոբերտ նոր ակումբի կազմում մասնակցել է նաեւ «Կամազի» հետ ստուգողական մրցավեճին:
Ռոբերտ Զեբելյանը ծնվել է 1984թ. Սոչիում եւ համարվում է տեղի ֆուտբոլային դպրոցի սան: Հանդես գալով «Ժեմչուժինա» եւ «Սոչի-04» թիմերում 2006թ. Զեբելյանը տեղափոխվեց «Կուբան», որի կազմում դարձավ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկու` օգնելով իր թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա: Հայաստանի հավաքականում բարձրահասակ ֆուտբոլիստը անցկացրել է 4 հանդիպում` նորամուտը նշելով 2006թ. նոյեմբերին կայացած Ֆինլանդիա - Հայաստան ընտրական խաղում:
Գալիք մրցաշրջանում «Բալթիկան» կրկին հանդես է գալու Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, որտեղ 22 թիմեր պայքարելու է ուժեղագույնների խմբի համար իրավունք տվող 2 ուղեգրերի համար: