ՊՈՈՒԼՍԵՆԸ ԿՐԿՆԵՑ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԻ ՌԵԿՈՐԴԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակը Բելառուսի հավաքականի նկատմամբ 2:1 հաշվով պատմական էր: Նախ մեր ընտրանին ռեւաշի հասավ 2000թ. հոկտեմբերին Մինսկում նույն հաշվով կրած պարտության համար, բացի այդ Յան Պոուլսենը կրկնեց Յան Պորտերֆիլդը ռեկորդը` 2 խաղում անընդմեջ պարտություն մատնելով մրցակիցներին:
Հայաստան - Բելառուս հանդիպումից առաջ ֆավորիտ էին համարվում բելառուսները: Արդեն նշել ենք, որ բուքմեյքերները նախապատվությունը տալիս էին Բելառուսին: Եթե մեր հավաքականի հաղթանակի գործակիցը 4.5 էր, ապա Բելառուսինը` 1.60: Սակայն Մալթայի հավաքականին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստները մեծ վստահություն էին ձեռք բերել եւ Բելառուսը այն մրցակիցը չէր, որի հետ խաղում հայ ֆուտբոլիստները ընկճվեին եւ չպայքարեին հաղթանակի համար: Պետք է ընդգծել, որ Հայաստանը հավաքականը վերջապես կամային հաղթանակ տոնեց:
5-րդ րոպեին գնդակ ընդունելով` մեր ֆուտբոլիստները կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլեւ պարտության մատնել մրցակցին: Նման հաղթանակ Հայաստանը տոնել էր հեռավոր 1995թ.սեպտեմբերի 6-ին: «Եվրո-96» ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել էր Մակեդոնիային: Այդ խաղում եւս առաջինը հաջողության էին հասել մեր մրցակիցները: Ավելորդ չէ նշել, որ դա պաշտոնական խաղերում Հայաստանի հավաքականի առաջին հաղթանական էր: Մակեդոնիային հաղթելուց հետո Հայաստանի հավաքականը հետագայում բոլոր այն հանդիպումներում երբ առաջինն էր գնդակ ընդունում կամ պարտվում էր, կամ լավագույն դեպքում ոչ-ոքի խաղում:
Անդրադառնանք նաեւ Յան Պորտերֆիլդֆի ռեկորդին, որը կրկնեց Պոուլսենը: Երբ դանիացի մասնագետը գլխավորեց Հայաստանի հավաքականը, առիթ ունեցանք ընդգծելու, որ նա հնարավորություն ունի բարձր նոտայով նշել իր նորամուտը, քանի որ Հայաստանի հավաքականը Մալթայում մրցելու է ոչ բարձր խաղամակարդակ ունեցող հավաքականների հետ: Այդպես էլ եղավ:
Պոուլսենի գլխավորության առաջին 2 հանդիպումներում Հայաստանը հաղթանակ տոնեց: Իր 16-ամյա պատմության ընթացքում Հայաստանը հավաքականը 2 խաղում անընդմեջ հաղթել էր լուսահոգի Յան Պորտերֆիլդի օրոք 2007թ. հունիսի 2-ին եւ 6-ին կայացած ընտրական հանդիպումներում պարտության մատնելով Ղազախստանի եւ Լեհաստանի հավաքականներին: Իհարկե Լեհաստանին հնարավոր չէ համեմատել Մալթայի կամ Բելառուսի հետ, բայց ամեն դեպքում ռեկորդը կրկնվել է եւ բոլոր հիմքերը կան, որ Պոուլսենը նաեւ գերազանցի այն, քանի որ վաղը Հայաստանը մրցելու է Իսլանդիայի հետ: Հայաստանի առաջիկա մրցակիցը լավ օրեր չի ապրում: Դրա վկայությունը իսլանդացիները ելույթներն են հենց նույն Մալթայի մրցաշարում: Բելառուսին 0:2 հաշվով պարտվելուց հետո Իսլանդիան 0:1 հաշվով զիջել է նաեւ Մալթային:
Մալթայի մրցաշարում այժմ Հայաստանը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բելառուսի եւ Մալթայի հավաքականները վաստակել են 3-ական միավոր, իսկ Իսլանդիան միավոր չի վաստակել: Վաղը կայանալիք Հայաստան Իսլանդիա խաղում մեր թիմը նույնիսկ ոչ-ոքիի դեպքում կդառնա մրցաշարի հաղթող: