ԽՆԴԻՐՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր ուղեւորվեց Մալթա, որտեղ փետրվարի 2-ին մեկնարկում է միջազգային ավանդական մրցաշար 4 թիմերի մասնակցությամբ: Նախքան մրցավար մեկնելը Հայաստանի հավաքականը հիմնականում հայկական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներով ուսումնամարզական հավաք անցկացրեց Երեւանում:
Նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի եւ նրա օգնական Վարդան Մինասյանի գլխավորությամբ ազգային թիմը երեկ նաեւ ստուգողական հանդիպում է անցկացրել «Փյունիկի» հետ «Բանանցի» մարզաբազայում գտնվող արհեստական խոտածածկով մարզադաշտում:
Հավաքին հրավիրված 29 ֆուտբոլիստներից Մալթայի մրցաշարին կմասնակցեն միայն 22-ը: Առաջին 2 հանդիպումներին, որոնցում մեր ընտրանին մրցելու է Մալթայի եւ Բելառուս հավաքականների հետ, Պոուլսենը դարպասը ամենայն հավանականությամբ կվստահի «Ուլիսի» դարպասապահ Մայիս Ազիզյանին: Որպես 2-րդ դարպասապահ մրցավայր է մեկնել «Փյունիկի» երիտասարդ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Իսկ ահա Ռոման Բերեզովսկին Մալթա կժամանի միայն փետրվարի 5-ին եւ կմասնակցի 1 օր անց Իսլանդիայի հետ կայանալիք վերջին հանդիպմանը: Հավաքականի մյուս դարպասապահ Գեւորգ Կասպարովը չի կարողացել ժամանել Երեւան, քանի որ իր թիմի կազմում մասնակցում է Իրանի առաջնությանը:
Լուրջ կարդային խնդիրներ կան նաեւ պաշտպանությունում: Վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը: Նման իրավիճակում մարզիչները աջ պաշտանի դերքում հավանաբար կընդգրկեն «Բանանցի» խաղացող Հովհաննես Գրիգորյանին, որը հանդես է եկել երիտասարդական հավաքականում: Բացառված չէ, որ այս դիրքում հանդես գա նաեւ Վահագն Մինասյանը «Արարատից»: Պաշտպանության կենտրոնում ինչպես միշտ հանդես կգան Ռոբերտ Արզումանյանը եւ Կարեն Դոխոյանը: Ձախ թեւում տեղ կզաբեղցնի Ալեքսանդր Թադեւոսյանը: Պոուլսենի մտադիր է պաշտպանությունում օգտագործել նաեւ Աղվան Մկրտչյանին, թեեւ այս ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հիմնականում հանդես է եկել կիսապաշտպանությունում:
Կիսապաշտպանությունում մեր ընտրանին խնդիրներ չունի: Այս օղակում հանդես եկող բոլոր առանցքային ֆուտբոլիստները պատրաստ են մասնակցել առաջիկա հանդիպումներին: Փորձառու Արտավազդ Քարամյանի, Ռոմիկ Խաչատրյանի, Արարատ Առաքելյանի, Լեւոն Պաչաջյանի, Կարեն Ալեքսանյանի, Արթուր Ոսկանյանի հետ միասին մարզիչները հրավիրել են նաեւ մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք մրցաշարում հնարավորություն կունենան դրսեւորել իրենց նաեւ հավաքականում:
Հարձակման գծում ընդգրկված են ընդամենը 3 ֆուտբոլիստներ: Խոսքը Արա Հակոբյանի, Սամվել Մելքոնյանի եւ Գեւորգ Ղազարյանի մասին է: Եթե Մելքոնյանը «Բանանցի» կազմում մասնակցել է «Համագործակցության գավաթի» խաղարկությանը եւ խաղային պրակտիկա ձեռք բերել, ապա մյուս 2-ը նման հնարավորությունից զրկված են եղել:
Նշենք նաեւ, որ Մալթայի միջազգային մրցաշարը անցկացվում է 13-րդ անգամ: Առաջին անգամ այս մրցաշարը անցկացվել է 1986թ., հաղթել է գերմանական «Կայզերսլաուտեռն» ակումբը: Նախորդ տարի այս մրցաշարում հաջողության է հասել Մոլդովան: