ՄԱՐԶԱՅԻՆ ԹԻՄԵՐՆ ԷԼ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի 2008թ. առաջնությանը մասնակից ոչ երեւանյան թիմերը` Կապանի «Գանձասարը» եւ Գյումրիի «Շիրակը», լրջորեն սկսել են նախապատրաստվել գալիք մրցաշրջանին: Թեեւ նախորդ մրցաշրջանում այս թիմերը բավարարվեցին 5-րդ եւ 6-րդ հորիզոնականներով, սակայն առաջատարների հետ հանդիպումներում մեծ թվով միավորներ վաստակեցին:
Կապանի «Գանձասարը» ի տարբերություն «Շիրակի» ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունի, քանի որ թիմը հովանավորում է Հայաստանի ամենխոշոր հարկատուն հանդիսացող պղնձամոլիբդենային գործարանը: «Գանձասարը» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ արդեն ավարտում է առաջին ուսումնամարզական հավաքը, որը թիմը անցկացնում էր Ծաղկաձորում:
Թիմի նորեկների շարքում պետք է առանձնացնել «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի փորձառու հարձակվող Արսեն Ավետիսյանին, որը Հայաստանի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Փոքրամարմին այս ֆուտբոլիստը ազատ խաղացողի կարգավիճակով հայտնվել է Կապանի թիմում: «Գանձասարում» է նաեւ «Բանանցի» եւ «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Արշակ Ամիրյանը: Թիմում փորձաշրջան են անցնում նաեւ մի շարք լեգեոներներ: «Գանձասարը» պատրաստվում է նաեւ ուսումնամարզական հավաք անցկացնել Սոչիում:
Գյումրիի «Շիրակի» հնարավորությունները ավելի համեստ են: Թիմում շարունակում են հանդես գալ տեղացի փորձառու ֆուտբոլիստները, որոնց միացել է նաեւ «Փյունիկի» եւ երիտասարդական հավաքականի նախկին խաղացող Մխիթար Գրիգորյանը: «Շիրակում» երկար տարիներ հաջողությամբ աշխատած Անդրանիկ Ադամյանը վերջին 2 տարիներին ակումբում գործադիր տնօրենի պարտականություններ էր կատարում, սակայն նա կրկին վերադարձել է իր պաշտոնին: Նախորդ մրցաշրջանում թիմը գլխավորած Ժորա Բարսեղյանը կլինի Ադամյանի օգնականը: