Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՆԱՅՔ` ՍՈՖԻԱՅՈՒՄ, ՏՂԱՄԱՐԴԻԿ` ԹԲԻԼԻՍԻՈւՄ

Սպորտ

Հայ ձյուդոիստները սկսել են նախապատրաստվել շուտով մեկնարկելիք վարկանիշային մրցաշարերին, որոնցում հնարավորություն կունենան ավելացնել օլիմպիական ուղեգրերի քանակը: Կանանց պայքարում նման հնարավորություն ունի 52կգ քաշային Անուշ Հակոբյանը, որը մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ հունվարի 26-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Անուշը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ տրամադրված է հաղթանակի. «Յուրաքանչյուր հաղթանակ վարկանիշային միավոր է: Մտադիր եմ օլիմպիական ուղեգիր նվաճել: Բացի այս մրցաշարից դեռ նման հնարավորություն են տալիս նաեւ մի շարք այլ մրցաշարեր, այդ թվում Եվրոպայի առաջնությունը»:

Հունվարի 26-27-ը Թբիլիսիում կկայանա տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որին Հայաստանը կմասնակցի բավական մեծ պատվիրակությամբ: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը հանդես կգա որպես մրցավար: Որպես մրցավար Թբիլիսի կմեկնի նաեւ Դավիթ Խիթարյանը: Իսկ հավաքականի կազմում Գագիկ Աղամալյանի, Արթուր Գեւորգյանի եւ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ հանդես կգան 60կգ քաշայիններ Հովհաննես Դավթյանը եւ Աշոտ Վարդիկյանը, 66կգ քաշայիններ Մեսրոպ Բարբարյանը եւ Համբարձում Տոնոյանը, 73 կգ Ղազարոս Գրիգորյանը, 81 կգ քաշայիններ Արմեն Իսպիրյանը եւ Հովհաննես Մաթեւոսյանը, ինչպես նաեւ 90կգ Հակոբ Առաքելյանը:

Այս մարզիկներից օլիմպիական ուղեգիր նվաճել է միայն Հովհաննես Դավթյանը, իսկ ահա մյուս ձյուդոիստները հնարավորություն ունեն ավելացնել իրենց վարկանիշային միավորները: