Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎ

Սպորտ

Բադմինտոնը օլիմպիական մարզաձեւ է եւ Հայաստանում 50 տարվա պատմություն ունի, սակայն այսօր այս մարզաձեւը մատնված է անուշադրության: Բավական է նշել, որ պետական բյուջեից բադմինտոնը ոչինչ չի ստանում:

Խորհրդային ժամանակներում հայ մարզիկները որոշակի հաջողություններ են ունեցել, որոնցից Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը առանձնացնում է 1981թ. ելույթները. «Այդ թվականին քույրս` Վարդիթեր Պողոսյանը, զուգախաղերում դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, ապա նաեւ Ֆրանսիայի չեմպիոն: Այդ թվականին Հայաստանի հավաքականը դարձավ նաեւ ԽՍՀՄ Բ դիվիզիոնի հաղթող: 1981թ. ԽՍՀՄ-ի կազմում մեր մարզիկները դարձել են Երոպայի առաջնության մրցանակակիր»: ԽՍՀՄ փլուզումից հետո մարզաձեւը հայտնվել է խիստ անմխիթար վիճակում. «Մի կերպ գոյատեւում էինք, թեեւ չունեինք մարզումների համար անհրաժեշտ պարագաներ: Այդպես շարունակվեց մինչեւ 1996թ., երբ մեզ սկսեց օգնել ընկերս` Բյուզանդ Կասաբյանը: Նա Բուլղարիայի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահն է, համաշխարհային ֆեդերացիայի խորհրդի անդամ է, բացի այդ ղեկավարում է Բալկանյան երկրների բադմինտոնի ֆեդերացիան: Նա օգնում է մարզագույքով, մեր մարզիկների համար հավաքներ է ապահովում, կազմակերպում է մրցումներ»:

Ներկայումս բադմինտոնը Հայաստանում շարունակում է իր գործունեությունը բացառապես բուլղարահայ բարերարի շնորհիվ: Նախորդ տարիներին պետությունը որոշակի օգնություն ցուցաբերել է, սակայն ներկայումս այն ընդհանրապես բացակայում է. «Երբ Ռուզաննա Հակոբյանը եւ Աննա Նազարյանը միջազգային ասպարեզներում ելույթներ էին ունենում եւ որոշակի հաջողություններ ունեին, պետությունը ինչ-որ գումար հատկացնում էր, սակայն այժմ բյուջեից ոչ մի գումար չի տրամադրվում բադմինտոնին»:

Հակոբյանը եւ Նազարյանը, 2001թ. հաղթել են Իրանում անցկացվող «Արեւածագի 10 օր» հեղինակավոր մրցաշարում, իսկ հաջորդ տարի գրավել 2-րդ տեղը: Այժմ նրանք ամուսնացել են: Հակոբյանը մեկնել է Ուկրաինա, իսկ Նազարյանը ծանրաբեռնված չի մարզվում, չնայած 2007թ. համահայկական խաղերում դարձել է հաղթող: Տղաներից Հրաչյա Պողոսյանը առանձնացրեց Հայկ Միսակյանին, որը բավական տաղանդավոր մարզիկ է եւ ժամանակ առ ժամանակ Բուլղարիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքների:

Հաջորդ տարի հայ մարզիկները կրկին կմասնակցեն «Արեւածագի 10 օր» մրցաշարին, որին կհաջորդի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Դանիայում: Այս մրցաշարերին Հայաստանի ներկայացուցիչները կրկին կմասնակցեն Բյուզանդ Կասաբյանի օգնությամբ:

Ներկայումս Հայաստանում բադմինտոնով զբաղվում են սակավաթիվ վայրերում. «Հիմնականում մարզվում են թենիսի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում, որտեղ գործում է 5 խումբ: Իմ նախաձեռնությամբ թիվ 155 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն ես մարզում եմ, որ նա սովորեցնի երեխաներին: Թիվ189 դպրցում եւս նույն սկզբունքով անցկացնում եմ մարզումներ, իսկ ուսուցչուհին պարապում է երեխաների հետ: Բադմինտոնով զբաղվում են նաեւ Դավթաշենի դպրոցներից մեկում եւս, ինչպես նաեւ Իջեւանում, որտեղ աշխատում է քույրս: Խմբակ կա նաեւ Ստեփանակերտում»: