Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԺԱՆԻՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Սպորտ

Վաղը տեղի կունենա ֆուտբոլի 2007թ. մրցաշրջանի հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնա նաեւ այս տարվա Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի անունը: Մինչ այդ «Ա1+»-ը փորձեց հարցում անել եւ պարզել, թե ում են լավագույնը համարվում հայ ֆուտբոլասերները:

«Միանշանակ լավագույնը Մարկոսն է: Նա շատ լավ խաղ ցուցադրեց, գեղեցիկ գոլեր խփեց: Նման պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ մեր թիմերում վաղուց չէինք տեսել», - նշեց 29-ամյա Գրիգորը, որը տպավորված էր նաեւ Սարգիս Հովսեփյանի խաղով. «30-անց ֆուտբոլիստի համար հիանալի խաղ էր ցուցադրում: Նրա խաղին հետեւելով` երիտասարդները շատ բան սովորեցին: Հովսեփյանը այս տարի խաղաց այնպես ինչպես 90-ականներին խաղում էր Պետերբուրգի «Զենիթում»: Նա շատ արագ էր գործում, խաղը վերցնում էր իր վրա, լավ փոխանցումներ էր կատարում: Իսկական ավագ էր թե հավաքականում, թե «Փյունիկում»»:

58-ամյա Դմիտրին Հայաստանի առաջնությունում առանձնապես չի հետաքրքրվում, սակայն որոշ հանդիպումներ դիտել է. «Առաջնության ֆուտբոլիստներից դժվար է ինչ-որ մեկին առանձնացնելը: Հիմնականում հավաքականի խաղերով ենք եզրակացնում թե ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը: Ինձ վրա լավ տպավորություն է թողել Լեւոն Պաչաջյանը: Հավաքականում լավ խաղաց, իսկ «Փյունիկում» նրա մասնակցությամբ 2-3 խաղ եմ նայել եւ էլի վատ չէր»:

46-ամյա Վարդանի կարծիքով` լավագույնի կոչմանը արժանի են միանգամից մի քանիսը. «Մարկոսը, Հովսեփյանը եւ Արզումանյանը: Այս 3 ֆուտբոլիստներից որն էլ լինի արդարացի կլինի: Ուղղակի Մարկոսը միայն ակումբային մակարդակով է խաղացել, իսկ Հովսեփյանին ու Արզումանյանին նաեւ հավաքականում ենք տեսել: Լավ խաղաց նաեւ Սամվել Մելքոնյանը «Բանանցից»: Ափսոս, որ հավաքականում այդպես էլ գոլ չխփեց, թե չէ հաստատ ինքը կլիներ լավագույնը: Սամվելին մեղադրել չի կարելի, քանի որ մեկ նրան որպես հարձակվող են օգտագործում, մեկ որպես կիսապաշտպան: Մարզիչները պետք է ժամանակի ընթացքում վերջնականապես կոմնորոշվեն, թե որտեղ է նա ավելի օգտակար»:

Մեր զրուցակիցներից շատերը միանգամից նշում էին Համլետ Մխիթարյանի անունը` մոռանալով, որ նա Հայաստանի առաջնությունում հանդես չի գալիս: «Շատ ափսոս, որ Համոյին չեն կարող տալ լավագույնի կոչումը: Նա արժանի էր դրան: Իրա տարիքի համեմատ շատ լավ խաղաց: Հատկապես Լեհաստանի հետ խաղում նրա խփած գոլը կյանքում չեմ մոռանալ: Իսկ այդ խաղը ես համարում է Հայաստանի հավաքականի ամենամեծ նվաճում: Իսկ եթե իրան չեն տալու ինձ համար միեւնույն է, թե ուրիշ ով կլինի: Արդարացի չէ, որ հավաքականում հանդես եկող լեգեոներների ելույթները հաշիվ չեն առնում», - ասաց 34-ամյա Սամվելը: