Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈւՐՔԵՐԻՑ ԱՆԲԱԺԱՆ ԵՆՔ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը հայտնվել է 7-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն նաեւ Ուկրաինայի եւ Իսպանիայի հավաքականները: Վերջինս Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների գործող չեմպիոնն է:

Հիշեցնենք, որ նախորդ կիրակի կայացած վիճակահանության ժամանակ մրցակիցներ էին դարձել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականները: Մինչ այս միեւնույն ընտրական խմբում էին հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականները:

Մինչեւ 19 տարեկանների Հայաստանի ընտրանին, ընտրական 1-ին փուլում հաջող հանդես գալով, Լիտվայում կայացած մրցաշարում նվաճել էր հաջորդ փուլի ուղեգիր: Հայաստանը հավաքականին 2-րդ փուլում անհամեմատ լուրջ մրցակիցներ են սպասվում եւ մասնագետների կարծիքով` 7-րդ խումբը իր կազմով ամենաուժեղն է: Ի դեպ, յուրաքանչյուր խմբից եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք կստանա ընդամենը 1-ական հավաքական, ուստի պայքարը շարունակելու համար Գյուլբուդաղյանցի սաներին անհրաժեշտ կլինի հաղթել այս խմբում:

Ընտրական հանդիպումները կկայանան հաջորդ տարի գարնանը, սակայն անցկացման վայրը առայժմ հայտնի չէ: