Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՖՖ-Ն ՕՐԵՆՔ ՉԻ ԽԱԽՏՈւՄ»

Սպորտ

«Ի՞նչ հայց, ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում», - ահա այսպես պատասխանեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ա1+»-ի այն հարցին, թե ինչ ընթացքում է գտնվում ֆեդերացիայի դեմ Արդարադատության նախարարություն ներկայացված բողոքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբն դիմել էր ՀՀ Արդարադատության նախարարություն` «խնդրելով միջոցներ ձեռնարկել կանխելու ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սպասվելիք աննախադեպ եւ բավականին վտանգավոր օրինախախտումն, այն է` ֆեդերացիայի սեփականությունը քաղաքական նպատակներով օգտագործելը»:

Ֆեդերացիան որոշել է իր տարածքը տրամադրել Սերժ Սարգսյանին իբրեւ ընտրական շտաբ: ՀՖՖ նախագահի կարծիքով` ոչ մի օրինախախտում էլ չի եղել. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ֆեդերացիայի աշխատանքները որեւէ բան չի կարող խանգարել: Ֆեդերացիայի աշխատանքները կազմակերպվել է եւ կազմակերպվելու է փայլուն, մի րոպե չի դադարելու: Իհարկե, վարձավճարով տրամադրվելու է եւ կտրամադրվի: Այն, որ չի կարելի է, թե կարելի է թող դատարանը որոշի` մենք կարող ենք թե, ոչ»:

«Բոլորդ պետք է համոզված լինեք, որ եթե չէր կարելի, ապա Ռուբեն Հայրապետյանը չէր անի օրենքից դուրս որեւէ բան` լինելով Ազգային ժողովի պատգամավոր: Ինչ արվում է, արվում է` օրենքի տառը եւ բառը պահելով: Դրանք ընդամենը քաղաքական շահարկումներ են,- շարունակեց նա,- Երբ որ շտաբը լինում էր ակադեմիայում, շահարկում էին, թե ինչու է ակադեմիայում: Եթե լինում է ֆեդերացիայում, ինչու ֆեդերացիայում: Թող մտածեն այն կարեւոր բաների մասին որոնք պետք է շահարկվեին: Օրինակ, որ Օպերան տրամադրվում է խեղաթյուրված անձնավորության` մենահամերգ կազմակերպելու համար: Դրա մասին թող մտածեն, ոչ թե` որ ֆեդերացիան իր 3000քռ/մ-ից 800-ը հատկացնում է ինչ-որ բանի համար»:

Իսկ ասուլիսը հրավիրվել էր ֆուտբոլային տարվա արդյունքները ամփոփելու համար: Ռուբեն Հայրապետյանի կարծիքով` 2007թ. առաջնությունը լավագույնը չէր հայկական ֆուտբոլի պատմության մեջ, սակայն որոշակի առաջընթաց նկատվում է. «Եթե համեմատենք նախորդ 2-3 տարիների հետ, ապա իհարկե այս առաջնությունը ավելի հետաքրքիր է եւ ինտրիգային, որը շատ կարեւոր է մեր ֆուտբոլի զարգացման համար: Պայքար կար, եւ նույնիսկ վերջին հորիզոնականներում գտնվող թիմերի հետ պայքարում առաջատարները միավորներ էին կորցնում»:

Առաջնության վերջին տուրում մեծ աղմուկ բարձրացրեց «Ուլիս» - «Արարատ» մրցավեճը, որի ավարտից հետո հյուրերի գլխավոր մարզիչը լուրջ մեղադրանքներ հնչեցրեց մրցավարի հասցեին: Ֆեդերացիայի նախագահի կարծիքով «Արարատը» պետք է իր մեջ փնտրի սխալները. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ ակումբի ղեկավարները չեն ցանկանում, որ «Արարատը» ունենա հաջողություններ: Բոլորիդ աչքի առջեւ թիմը մրցաշրջանի սկզբում լավ խաղ էր ցուցադրում եւ պայքարում էր մրցանակային տեղերի համար: 2-րդ շրջանի ավարտից հետո հանկարծ ինչ-որ տարօրինակ գործողություններ կատարեցին եւ հեռացրին գլխավոր մարզչին, եւ «Արարատում» սկսեց աշխատել մի մասնագետ, որը իմ կարծիքով ֆուտբոլից բավական հեռու է»: Հայաստանի հավաքականը շուտով կունենա նոր գլխավոր մարզիչ: Ռուբեն Հայրապետյանը կրկին այս պաշտոնը վստահելու է արտասահմանցի մասնագետի.

«Երբ ես դարձա ֆեդերացիայի նախագահ հայտարարեցի, որ մեր երկրում չկա այն մասնագետը, որը կարող է գլխավորել ազգային հավաքականը: Դրանից հետո հրավիրեցինք արտասահմանցի մարզիչների, որոնց մեւ կային թե լավ, թե վատ մարզիչներ: Ես չցանկացա շտապել եւ 3-4 ամսվա համար հրավիրել նոր մարզիչ: Դրանից ծանր իրավիճակում է հայտնվում ազգային հավաքականը, բայց մենք կփորձենք առաջիկա 2 հանդիպումներում պատվով խաղալ եւ դրանից հետո անպայման կունենանք որակյալ մարզիչ»: