ՄԱՐԿՈՍԸ ԼԱՎԱԳՈւՅՆ ՌՄԲԱՐԿՈւ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի 2007թ. առաջնության լավագույն ռմբարկու կոչումը նվաճեց «Արարատի» բրազիլացի լեգեոներ Պիզելի Մարկոսը: Բրազիլացի ֆուտբոլիստը «Արարատի» կազմում 22 գնդակ է խփել մրցակիցները դարպասը: Բացի այդ բրազիլացին դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ:
Իսկ «Արարատը» այս առաջնությունում մրցակիցների դարպասը խփել է 49 գնդակ: Փաստորեն գոլերի կեսը խփել է Մարկոսը, որը բավական բարձր ցուցանիշ է: «Արարատի» հարձակվողը հատկապես արդյունավետ խաղ էր ցուցադրում 1-ին 2 շրջաններում, որից հետո ինչպես հայտնի է «Արարատը» նահանջ ապրեց: Ակումբի անհաջող ելույթները ազդեցին նաեւ Մարկոսի արդյունավետության վրա: Ամեն դեպքում նա կարողացավ պահպանել 1-ին հորիզոնականը ռմբարկուների ցուցակում:
Մարկոսին հաջորդում է «Բանանցի» եւ երիտասարդական հավաքականի հարձակվող Արսեն Բալաբեկյանը, որը 15 գնդակ է խփել ընթացիկ առաջնությունում` դառնալով «Բանանցի» լավագույն ռմբարկուն: Արսենը հատկապես արդյունավետ խաղ ցուցադրեց առաջնության 2-րդ կեսում, երբ «Բանանցը» մարզում էր բուլղարացի Նիկոլայ Կոստովը: Ռմբարկուների ցուցակում 3-րդ հորիզոնականը բաժանում են «Բանանցը» այլ ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանը եւ Գեւորգ Ղազարյանը, որոնք դարձան 12-ական գոլի հեղինակ: Ղազարյանը իր գոլերի մի մասը խփել է 1-ին 2 շրջաններում, երբ հանդես էր գալիս «Փյունիկի» կազմում: Վարձավճարով տեղափոխվելով «Բանանց»` երիտասարդ ֆուտբոլիստը շարունակեց գրավել մրցակիցների դարպասը արդեն նոր ակումբի կազմում:
Արդյունավետությամբ աչքի է ընկել նաեւ «Փյունիկի» գրոհայինները, որոնցից Հենրիխ Մխիթարյանը 11 գոլ է խփել եւ կատարել 5 գոլային փոխանցում: Իսկ Լեւոն Պաչաջյանը 10 գոլ է խփել` կատարելով 7 գոլային փոխանցում: Բոլորից շատ գոլային փոխանցում կատարել է «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը, որը 9 անգամ օգնել է խաղընկերներին հասնել հաջողության: Բացի այդ փորձառու պաշտպանը 4 գնդակ է խփել;