ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ՎԱՂՎԱՆԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը վաղվանից սկսկի նախապատրաստվել նոյեմբերի 17-ին եւ 21-ին կայանալիք ընտրական հանդիպումներին: Հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հավաքի են հրավիրվելու 20 ֆուտբոլիստներ. «Նախապես որոշել էինք հրավիրել 22 ֆուտբոլիստի, սակայն Եղիշե Մելիքյանը վնասվածք է ստացել, իսկ Հենրիխ Մխիթարյանին որոշեցինք տրամադրել երիտասարդական հավաքականին»:
Նոյեմբերի 17-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է ընտրական Ա խմբի ուժեղագույն թիմին` Պորտուգալիային, որի հետ օգոստոսի 22-ին կայացած մրցավեճը հայ ֆուտբոլիստները ավարտեցին 1:1 հաշվով, թեեւ հաղթում էին 1:0 հաշվով: Վարդան Մինասյանը հույս ունի, որ այս անգամ եւս հայ ֆուտբոլիստները վստահ հանդես կգան. «Կընտրենք մի փոքր պաշտպանողական տակտիկա, քանի որ ի վերջո սա արտագնա հանդիպում է, իսկ մրցակիցը Պորտուգալիայի հավաքականն է: Իսկ 4 օր անց Ղազախստանի հետ Երեւանում կայանալիք մրցավեճում արդեն այլ մարտավարությամբ հանդես կգանք»: Հավաքականի կազմում հնարավոր են նաեւ փոփոխություններ. «Մի քանի ամվսա ընդմիջումից հետո կրկին հրավեր են ստացել Կարեն Ալեքսանյանը եւ Էդգար Մանուչարյանը: Նրանք արդեն իրենց ակումբներում ելույթ են ունենում եւ լավ մարզավիճակում են: Իսկ Արա Հակոբյանին չենք հրավիրել, քանի որ նա վնասվածքից հետո նոր է սկսել մարզումները»:
Առաջիկա հանդիպումներում հաջող հանդես գալու դեպքում Հայաստանը հնարավորություն ունի առաջադիմել վարկանիշային աղյուսակում եւ Աշխարհի 2010թ. առաջնության վիճակահանությունից առաջ ընդրկվել 4-րդ զամբյուղում, որը հնարավորություն կտա ավելի բարենպաստ մրցակիցներ ունենալ. «Նման հնարավորություն կա, սակայն անկախ դրանից հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար արդեն իսկ մոտիվացիա է միջազգային հանդիպումը: Բացի այդ մենք ցանկանում ենք առաջ լինել Ղազախստանի եւ Ադրբեջանի հավաքականներից` պահպանելով 6-րդ հորիզոնականը մեր ենթախմբում»: