Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ԽԵՂԴՈ՞ւՄ ԵՆ «ԱՐԱՐԱՏԻՆ»

Սպորտ

«Մենք շատ մոտ էինք Եվրագավաթի ուղեգիր նվաճելուն, սակայն եկավ մի անձնավորություն, որը արեց այնպես ինչպես ցանկացավ: Սա պայմանավորած էր եւ դա ակնհայտ է: Տեսանելի է, որ «Արարատը» Հայաստանում ոմանց դուր չի գալիս:Թե կոնկրետ ում ես չգիտեմ», - «Ուլիս» - «Արարատ» (2:2) սկանդալային հանդիպումից հետո ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Դուշան Միհիչը, որը առավել քան զայրացած էր մրցավարի գործողություններից եւ իր թիմի անհաջողությունից:

Միհիչի կարծիքով մրցավարները արդեն 4-5 հանդիպում է թույլ չեն տալիս «Արարատին» միավորներ վաստակել. «Ես նման մրցավարություն ողջ կյանքից ընթացքում չեմ տեսել: Ի՞նչ կստանա հայկական ֆուտբոլը այս ամենից ես չեմ հասկանում: Ես հասկանում եմ, որ երբ իմ թիմը վատ է հանդես գալիս եւ մենք աշխատում ենք բարելավել մեր խաղը, դա բնական է, բայց այն ինչ արեց մրցավարը այսօր ոչ մի լավ բան չի բերի ոչ Հայաստանին, ոչ «Ուլիսին», ոչ «Արարատին»: Դրա համար էլ «Փյունիկը» 7-րդ տարին անընդմեջ չեմպիոն է դառնում եւ վերջ»: Միհիչը նաեւ խորհուրդներ տվեց լրագրողներին. «Դուք պետք է այս մասին մտածեք, այլ ոչ թե գլխավոր մարզիչը սերբ է, լավն է, վատն է»:

Սերբ մասնագետը հույս ունի, որ այս հանդիպումը ուշադրության կարժանանա ՈւԵՖԱ-ում.«Խաղը ԴՎԴ-ի ֆորմատով կուղարկենք ՈւԵՖԱ-ն եւ նրանք կտեսնեն բոլոր դրվագները: Դա վատ է Հայաստանի համար: Շատ վատ է: Դուք դա ինձանից լավ գիտեք, ես այստեղ եմ ընդամենը 3-4 ամիս»:

«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը գոհ էր իր թիմի ելույթներից, քանի որ «Ուլիսը» վերջին 12 հանդիպումներում վաստակեց 25-րդ միավորը. «Խնդիրը նորից մնում է նույնը, որ հաղթարշավը պետք է շարունակել: Միգուցե կրկնվում է, սակայն պետք է մարտական ոգին պահպանել, թեկուզ հաջորդ տարվա շարունակության համար: Երբ մրցաշրջանը նոր էր սկսվել մենք այդ հոգեբանական ուղղվածությունից էին հետ մնում: Այսօր պատկերը այլ է: Չնայած մենք մրցաշարային խնդիր չունեինք լուծելու: Գուցե ավելի հաջող հանդես գալու դեպքում մենք հասնեինք 6-րդ հորիզոնականին, բայց դա գերագույն խնդիրը չէ: Ես գտնում եմ, որ այսօր մեր խնդիրը մարտական ոգին պահպանել էր եւ այդ միկրոհաղթարշավը շարունակելը: Այդ տեսակետից շատ ուրախ եմ եւ գոհ եմ, քանի որ տղաները ոգի ցուցաբերեցին եւ կարողացան այս դժվարին խաղի տակից դուրս գալ: Հեշտ չէ նման լարված եւ վտանգավոր խաղի տակից դուրս գալը»:

Հանդիպումը նշանավորեց նաեւ նրանով, որ դարպասապահ Մայիս Ազիզյանը դարձավ գոլի հեղինակ: Հայաստանի առաջնություններում եւ ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլում դա հազվադեպ հանդիպող երեւույթ է: Սակայն Սուրեն Բարսեղյանը չի տեսել, թե ինչպես է Ազիզյանը իրացնում 11 մետրանոցը.

«Ընդհանրապես իմ թիմի օգտին նշանակված 11 մետրանոցների իրացումը ես չեմ դիտում: Հակառակորդինը նայում եմ, բայց մերը` ոչ»:

«Ուլիսի» հաջողությունները մարզիչը կապում է ոչ միայն հոգաբանական գործոնով, այլեւ թիմում տարվող կազմակերպչական աշխատանքներով. «Պետք է շեշտեմ, ոչ 7-րդ տեղ գրաված թիմին հատուկ կազմակերպչական հարցեր են լուծվում»: