Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԱԶԱՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ Է

Սպորտ

Երեւանի «Բանանցի» կազմում ընթացիկ առաջնությունում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում 21-ամյա Արսեն Բալաբեկյանը` նախկինում հայտնի ֆուտբոլիստ Արմեն Բալաբեկյանի կրտսեր որդին:

«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել «Էրեբունի» մարզադպրոցում, այնուհետեւ տեղափոխվեցի «Փյունիկի» մարզադպրոց` Միքայել Զաքարյանի մոտ, - պատմում է Արսենը, - սկզբում ուշադրություն չէին դարձնում, քանի որ կարճահասակ էի: Մարզվում էի նրանց 2-րդ թիմում: Երբ Միքայել Զաքարյանը տեղափոխվեց «Մալաթիա», ինձ եւս տարավ իր հետ: Այստեղ մարզվելուց որոշ ժամանակ անց «Կոտայքի» հետ ընկերական հանդիպումց անցկացրեցինք, որի ընթացքում գոլ խփեցի: Այս խաղում ինձ նկատեցին եւ հրավիրեցին «Կոտայք», որտեղ 2 տարի անցկացրեցի: Այնուհետեւ թիմը լուծարվեց եւ օգնության հասավ «Բանանցը»: Սկսեցի հանդես գալ այս թիմում»:

Թեեւ Արսենին որոշ ժամանակ մեծ ուշադրություն չեն դարձրել, սակայն նա չի ընկճվել եւ շարունակել է մարզվել. «Տարիքով փոքր էի եւ նեղվում էի, որ ուրիշներին տեղ են տալիս, իսկ ինձ ոչ: Անընդհատ շեշտում էին, թե ֆիզիկապես թույլ եմ: Սկսեցի աշխատել ինձ վրա եւ, փառք Աստծո, հասակս բարձրացավ»: Բալաբեկյանը ազատ ժամանակ զբաղվում է ընթերցանությամբ եւ համակարգչով, սակայն այլ ոլորտում իրեն չի կարող պատկերացնել.«Անկեղծ ասած ինձ որեւէ այլ բնագավառում չեմ պատկերացնում: Ես դպրոցում վատ չեմ սովորել, սակայն չկա մի այլ ոլորտ որտեղ կկարողանայի գնտել ինձ»:

Երիտասարդ հարձակվողի ֆուտբոլային ամենամեծ երազանքը ազգային հավաքականում հանդես գալն է. « Ինձ թվում է դեռ կգա այդ ժամանակը: Իսկ ակումբային ֆուտբոլում իմ ամենամեծ նպատակը եվրոպական միջին մակարդակի ակումբում հանդես գալն է: Պետք է մի փոքր իրատեսորեն նայենք»:

Այն որ Արսենի հայրը ֆուտբոլիստ է եղել, օգնում է կրտսեր Բալաբեկյանին ֆուտբոլային կարիերայում. «Ներկայիս մարզիչների մեծամասնությունը հորս սերնդի ներկայացուցիչներ են: Ճիշտ է դա ինձ առավելություն չի տալիս, բայց ինչ -որ մի տեղ ինձ ավելի շատ են ուշադրություն դարձնում: Երբեմն համեմատում են եւ նշում, որ դեռ չեմ կարողանում այնպես հանդես գալ ինչպես հայրս: Կփորձեմ այնպիսի ֆուտբոլ ցուցադրեմ, որ հետագայում հակառակը ասեն»: