Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈւՆԻԿԸ» ՄՐՑԱՇՐՋԱՆ 2007-ՈՒՄ

Սպորտ

Երեւանի «Փյունիկը», երեկ 10-րդ անգամ (7 անգամ անընդմեջ) դառնալով Հայաստանի առաջնության հաղթող, եւս մեկ անգամ ապացուցեց, որը ներկայումս չունի հավասարը մեր հանրապետությունում: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների այս անգամ «Փյունիկը» լուրջ դիմադրության հանդիպեց: Եթե 2006թ. առաջնության արդեն 3-րդ շրջանից հետո փյունիկցիները ապահովել էին չեմպիոնի կոչումը, ապա այս տարի դա կարողացան անել միայն նախավերջին տուրից առաջ: Ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկը» եւս հանդես եկավ բավական ուժեղ կազմով, որտեղ մեծ թիվ էին կազմում Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուները:

Թերեւս ամենաթույլ օղակը չեմպիոնի կազմում դարպասապահի դիրքն էր: Գեւորգ Կասպարովի հեռանալուց հետո անկախացած Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը այդպես էլ չկարողացավ նրան արժանի փոխարինող գտնել: Սկզբում «Փյունիկիում» էր Զլատան Ադրովիչը, սակայն նա առանձանապես չփայլեց եւ մարզիչները սկսեցին վստահել երիտասարդ Գրիգոր Մելիքսեթյանին: Որոշ ժամանակ անց թիմ հրավիրվեց ուրուգվայցի Իգնասիո Բորդադը, որը ժամանակ առ ժամանակ էր աչքի ընկնում հուսալի խաղով, իսկ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում խիստ անհաջող հանդես եկավ «Շախտյորի» հետ հանդիպումներում: Ամեն դեպքում «Փյունիկը» ամենաքիչն է գնդակ ընդունել սեփական դարպասը եւ պաշտպանության հաջող խաղի արդյունքն է: Պատահական չէ, որ չեմպիոնի պաշտպանական գիծում են հանդես գալիս Սարգիս Հովսեփյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Ռոբերտ Արզումանյանը եւ Կարեն Դոխոյանը: Ֆուտբոլիստներ, որոնք հավաքականում եւս համարվում են հիմնական կազմի խաղացողները եւ արդեն միմայն հետ համագործակցելու մեծ փորձ ունեն ոչ միայն Հայաստանի առաջնություններում այլ նաեւ միջազգային ասպարեզներում:

Կիսապաշտպանությունում «Փյունիկը» հատկապես մեծ առավելություն ուներ եզրերում, որտեղ գործում էին արագաշարժ Լեւոն Պաչաջյանը եւ Աղվան Մկրտչյանը: Այս ֆուտբոլիստները եւս ազգային հավաքականի խաղացողներ են: Ընթացիկ մրցաշրջանի հայտնություներից մեկը դարձավ Արթուր Եդիգարյանը: Երիտասարդ ֆուտբոլիստը, աստիճանաբար ամրապնդվելով «Փյունիկի» կազմում, դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Իրեն հիանալի դրսեւորեց նաեւ Հենրիխ Մխիթարյանը, որը լավագույններից մեկն էր չեմպիոնի կազմում: Իսկ փորձառու Ռաֆայել Նազարյանին մարզիչները սկսեցին հիմնականում օգտագործել` փոխարինման դուրս բերելով:

Մրցաշրջանի սկզբում «Փյունիկի» հարձակման գիծը բավական հաջող էր հանդես գալիս: Այստեղ տոն տվողները թիմի վետերան Արսեն Ավետիսյանն էր եւ երիտասարդ Գեւորգ Ղազարյանը: Սակայն 2-րդ շրջանի ավարտից հետո Ղազարյանը վարձավճարով տեղափոխվեց «Բանանցը» եւ «Փյունիկը» սկսեց բավական ցածր արդյունավետություն ցույց տալ: Մարզչական շտաբը ստիպված էր Հենրիխ Մխիթարյանին կիսապաշտապանությունից տեղափոխել հարձակման գիծ: Երիտասարդ ֆուտբոլիստը արդարացրեց իրեն վերջին տուրերում դառնալով վճռորոշ գոլերի հեղինակ:

Բոլոր այս ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարում էր Արմեն Գյուլբուդաղյանցը, որը թիմում սկսեց աշխատել մայիսից: Նախքան այս Գյուլբուդաղյանցը աշխատել էր նաեւ «Բանանցում», սակայն դա 2002-2003թթ.-ին էր, որից հետո երիտասարդ մասնագետը վերապատրաստվելուց հետո 2006թ. «Փյունիկ-2»-ի հետ դարձավ 1-ին խմբի հաղթող, իսկ երբ Սամվել Պետրոսյանը մայիսին հրաժարական տվեց, Գյուլբուդաղյանցը դարձավ արդեն ակումբի գլխավոր թիմի մարզիչ: Ավելորդ չէ նշել, որ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ «Փյունիկը» առաջնությունում հաջող էր մեկնարկել: Մարզիչը հեռացավ գավաթի խաղարկությունում ունեցած անհաջողության պատճառով: