«Ոնց որ մեկը գա մեր բախչի մեջ վարի, ցանի, բայց հող ու ջրի հարկը մենք տանք». վարորդներ (տեսանյութ)
«Արմավիր-Երևան» 207 համարի երթուղին արդեն 5 օր շարունակ չի աշխատում: Երթուղու վարորդները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, պահանջով, որ Կառավարությունը միջոցներ ձեռնարկի և չթույլատրի այլ ընկերություններին այդ երթուղով վարել: 207 երթուղին պատկանում է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին, որն ըստ Կառավարության շենքի դիմաց հավաքված վարորդների՝ միակն է, որ տենդեր է շահել: «Ոնց որ մեկը գա մեր բախչի մեջ վարի, ցանի, բայց հող ու ջրի հարկը մենք տանք»,- վրդովված նշեց վարորդներից մեկը: Ընկերության վարորդները դիմել են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, որտեղից պատասխան են ստացել՝ գնացեք, լավ կլինի: Ի դեպ, մարտի 25-ին Կառավարության արտահերթ նիստից հետո, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ և՛ ՊԵԿ-ը, և՛ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինը ակտիվորեն համագործակցում են և աշխատում են, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծում ստանա: Երթուղին չսպասարկելու պատճառով վարորդները զրկվում են աշխատավարձից: «Ես պիտի քշեմ 4 ռեյս, բայց քշում եմ կես ռեյս, կամ լավագույնը 1, առնում եմ 2000 դրամ, իմ աշխատավարձը ամսական կազմում է 20 000 դրամ»,- բացատրեց վարորդներից մեկը: Դիտարկմանը, թե ուրիշ ընկերություններն ավելի էժան են վարո՞ւմ, վարորդներից մեկը նշեց, որ նույն գինն է՝ 400 դրամ: