Նախկինում մեդիադաշտը ավելի մոնոպոլ, օկուպացված էր. Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ ընտրություններին պարտված քաղաքական ուժերը հիմա ԶԼՄ-ները ընտրել են որպես իրենց ասելիքի հիմնական հարթակ: «Թավշյա հեղափոխության շնորհիվ լրատվական դաշտը դարձավ պահանջված, որը փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար: Սա բերում է և՛ ուղղակի, և՛ անուղղակի սեփականության վերաբաշխման: Քաղաքական շրջանակները և՛ ձեռք են բերում լրատվամիջոցներ, և՛ստեղծում են նոր լրատվամիջոցներ: Նաև մասնավոր պատվերներով աշխատում են այն լրատվամիջոցների հետ, որոնք իրենց սեփականատիրոջը կամ կարգավիճակը չեն փոխել և սա ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ լրատվական հոսքի մեծ մասը վերահսկվում է այդ քաղաքական ուժերի կողմից»: Բորիս Նավասարդյանը վստահ է, որ այդ կերպ քաղաքկան ուժերը փորձում են ճգնաժամի մեջ գցել նոր իշխանություններին, որպեսզի իրենց հակասությունները ի ցույց դնեն հանրությանը: «Այդ ուղղությամբ բավականին համախմբված գործողություններ են կատարվում»: Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ կարծում է, որ տեղեկատվական դաշտի քաղաքականացված լինելը պայմանավորված է լրատվամիջոցների՝ քարոզչամիջոցների վերածվելը: Քաղաքական պայքարը ընթանում է ԶԼՄ-ների միջոցով: «Այն քաղաքական ուժերը, որոնք քաղաքական դաշտի իմնական խաղացողն են, դարձրել են իրենց ենթական լրատվամիջոցներին քաղաքական համակարգի մի մասը»: Աշոտ Մելիքյանը նշում է, որ այնուամենայնիվ օրենդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա: «Կարծում եմ, որ իսկապես ժամանակն է վերանայելու, փոփոխություններ կամ որոշ լրացումներ կատարելու օրենսդրությունում»: Թե ինչո՞ւ են վերջին ամիսներին շատացել կեղծ լուրերը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այն կապում է իշխանափոխության հետ: «Նախկինում մեդիադաշտը ավելի մոնոպոլ, օկուպացված էր, և հիմնականում նախքան հեղափոխությունը հեռուստատեսությունների ազատության աստիճանը շատ ավելի ցածր էր, քան այժմ»: Իոաննիսյանը նկատում է՝ մոնոպոլիզացված մեդիա ոլորտում անհրաժեշտություն չկար փողեր ծախսել կեղծ լուրեր տարածել, ֆեյսբուքում ֆեյքեր պահել: Իսկ հեղափոխությունից հետո այդ անհրաժեշտությունը, ըստ Իոաննիսյանի՝ կա: «Այն խմբերը, որոնք տիրապետում են ֆինանսական ռեսուրսների, ունեն քաղաքական հավակնություններ, սկսում եմ պատվիրել կեղծ լուրեր, այդ խմբերը ստեղծում են ֆեյքերի բանակ, և դրանցով տարածել: Նախկինում այդ խմբերը կարողանում էին իրենց խնդիրները լուծել վարչական մեխանիզմով, իսկ հիմա երբ զկվել են դրանից, գնում են այս ճանապարհով»: Զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում է նաև նա: Ըստ նրա, օրինակ առցանց լրատվամիջոցի մասին սահմանումը շատ թերի է: