Էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը
Կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշկման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Այն կնպաստի պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող տնտեսավարողներին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մատչելիության մակարդակի բարելավմանը: Բացի այդ, դրանից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաև կաթ վերամշակող տնտեսավարող սուբյեկտներին։ Նախատեսվում է դյուրացնել տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը: Մասնավորապես՝ ավելացնել տրամադրվող վարկերի վերին շեմը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով գյուղացիական տնտեսություններին տրամադրել կանխավճար, ընդլայնել ծրագրի գործողության շրջանակը և ընդգրկել կաթի գնման ուղղությունը։ Արդյունքում կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը: Նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետներում կատարելուն։ Բացի այդ, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև կհաստատվեն հումքի գնման պայմանագրային հարաբերություններ, որը գյուղացիական տնտեսություններին կտա արտադրված հումքի իրացման կայուն երաշխիքներ։ Գյուղատնտեսության նախարարության առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերի և համապատասխան որոշումների նախագծերի մասին: Տիգրան Ավինյանը կարևորել է բոլոր ծրագրերի արդյունավետության գնահատման մոնիթորինգի պարբերաբար իրականացումը՝ առկա խնդիրները տարվա ընթացքում պարզելու և դրանց լուծում տալու նպատակով: