Հնարավոր է՝ կաթնամթերքի գնաճ տեղի ունենա. Աշոտ Հովհաննիսյան
Էֆեկտիվությամբ այսօրվա շուկայում եղած պարարտանյութը մի քանի անգամ ավելի որակով է, քան կառավարության առաջարկած վրացական պարարտանյութը, ընդ որում ընդամենը 1000 դրամի տարբերություն է տալիս. նշում է ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Նա համարում է, որ կառավարության կողմից բանկերի ֆինանսավորումը առնվազն հանցագործություն է։ «Ոչ մի ցիվիլ երկիր բանկի չի ֆինանսավորում, որ բանկը զեղչով վարկեր տա գյուղացուն։ Պետք է գումարը տան գյուղացուն, մենք հարկատուների գումարով բանկերին չպետք է ֆինանսավորենք, դա աննորմալ երևույթ է»։ Հրաչ Բերբերյանը սխալ է համարում այն, որ ջրամբարների հարցով պետք է զբաղվի էներգետիկայի նախարարությունը։ «Ո՞նց կարա գյուղացու համար կառուցված ջրամբարը հայտնվել էներգետիկայի նախարարությունում։ Ջրամբարները տվել են էներգետիկներին, իրենք էլ ՀԷԿ-եր են դրել վրան, ջրամբարները դառել են էլեկտրաէներգետիկա արտադրող կառույցներ և այսօր ջրամբարներում ջուր չի կուտակվում»։ Վերջին շրջանում անասնաբուծական գլխաքանակի անկում է նկատվում, նման բան վերջին 10-15 տարիներին չենք ունեցել, նշեց ագրարագյուղացիական միավորման փոխնախագահ Աշոտ Հովհաննիսյանը։ «Մենք առնչվում ենք բարդ խնդրի, որ առաջիկայում մսի, կաթի, պանրի արտադրության սպառման ծավալների նվազում կառաջանա։ Կենսաբանական նորմայում անհրաժեշտ է տարեկան 1մլն տոննա անարատ կաթ, սակայն մենք արտադրում ենք ընդամենը դրա 60 տոկոսը։ Տավարի հետ կապված ևս ունենք 1000 տոննայի պակասուրդ, դա պայմանավորված է նրանով, որ տավարի միսը վերջին մեկ տարվա ընթացքում թանկացավ գրեթե 2 անգամ և առաջիկա 4-5 տարվա ընթացքում մսի գինը չի էժանանա։ Առաջիկա ամիսներին հնարավոր է կաթնամթերքի գնաճ տեղի ունենա։