ԳԱԱ-ում մրցանակների հանձնման արարողություն է (տեսանյութ)
Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցավ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը: Ելույթով հանդես եկավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ «Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի միջազգային գիտական մրցանակը տրվում է աշխարհի ականավոր գիտնականներին աստղաֆիզիկայի և նրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի ասպարեզում ստացված կարևորագույն գիտական արդյունքների համար ամեն 2 տարին 1 անգամ»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։ ԳԱԱ նախագահն ընդգծեց, որ մրցանակը նպատակ ունի հավերժացնելու Վիկտոր Համբարձումյանի հիշատակը, աշխարհին ներկայացնելու Հայաստանի գիտությունը և նպաստելու աստղաֆիզիկայի զարգացմանը Հայաստանում։ Մրցանակաբաշխությանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ իր համար մեծ պատիվ է նման միջոցառմանը մասնակից լինելը։ «Մենք լիովին գիտակցում ենք մրցանակի հեղինակության կարևորությունը։ Նրա արժեք են կազմում գիտական հանրության կողմից ընդունված լինելը, խրախուսված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանիքները կգրավեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին»,- շեշտեց վարչապետը։ Փաշինյանն իր ելույթում նշեց այն անձանց անունները, որոնք ստանալու են մրցանակները։ Նրանք են՝ Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելը, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովը, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնի գիտական խումբը՝ «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելյատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար» ուսումնասիրության համար: Պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելն իր շնորհակալությունը հայտնեց գիտությունների ազգային ակադեմիային։ «Ինչպես իմ հայրենիքը՝ Հոլանդիան, Հայաստանը նույնպես փոքր երկիր է։ Սակայն աստղագիտության մեջ Հայաստանն ամենևին էլ փոքր երկիր չէ։ Հայաստանը տվել բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ, որոնք աշխատում են աշխարհի շատ երկրներում, մասնավորապես Գերմանիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իռլանդիայում, Միացյալ նահանգներում և, անշուշտ, Հայաստանում »,- ասաց Վան Դեն Հոյվելը։ Լեւ Յունգելսոնը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ստանալ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը։ Գիտնականն հատկանշական է համարում, որ մրցանակը Վիկտոր Համբարձումյանի նվաճումների հիշատակն է։ «Վիկտոր Համբարձումյանի մանկավարժական տաղանդով է բացատրվում այն հանգամանքը, որ ողջ աշխարհում հայ գիտնականների թիվը համամասնորեն շատ ավելի մեծ է, քան աշխարհում ապրող հայերի թիվը։ Ես նրա հետ անձամբ շփվել եմ 1970-80-ական թվականներին, երբ մի քանի անգամ Հայաստանում այցելել եմ Բյուրականի աստղադիտարան»,- նշեց գիտնականը։ Տուտուկովը հիվնանդության պատճառով ներկա չէր մրցանակաբաշխությանը, ուստի Յունգելսոնը նրա անունից իր շնորհակալությունը փոխանցեց ՀՀ կառավարությանը, ԳԱԱ-ին։