Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչը հանցակա՞զմ է կոծկել (տեսանյութ)

Հասարակություն
Pingolcyan

   Ծեծկռտուքից հետո բանտում հայտնված Սերգեյ Աբրահամյանը  պահանջում է  նոր քննություն. գործը հասել էր Վերաքննիչ  դատարան։ Սերգեյ Աբրահամյանը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին դատապարտվել է  7 տարի ազատազրկման՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ ««Նիվա» մակնիշի մեքենայով ամուսնուս դիմացը կտրելով՝ վարորդն իջավ ու ինչ-որ երկաթե գործիքով հարվածեց ամուսնուս գլխին»,- ասում է դատապարտյալ Սերգեյ Աբրահամյանի կինը՝ Անժելան, 2016 թ. վերջին Գորիս քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ:   Տիկին Աբրահամյանի փոխանցմամբ՝ դեպքի օրը վիճաբանության ձայներ լսելով տանից իրենց ազգականների հետ դուրս են եկել: Դեպքի վայրում են գտնվել նաև մյուս ազգականները:  «Էնպես ստացվեց, որ ամուսինս խփեց տուժողին, բայց եթե չխփեր, գուցե հենց ինքը մահանար: Դա ինքնապաշտպանություն էր»,- ընդգծում է Անժելա Աբրահամյանը՝ պնդելով, որ  տեղյակ չէր, թե ինչից է վիճաբանությունը սկսվել: Հանրային պաշտպան Լիլիթ Պինգոլցյանի խոսքով՝ 2018 թվականի հուլիսի 4-ին Սերգեյ Աբրահամյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն այն մասին, որ գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել ապօրինություններ քննիչի կողմից, որի հետևանքով   մեղադրանքը վերաորակվել է՝  112-րդ հոդվածի առաջին մասից դառնալով նույն հոդվածի 112-ի 2-րդ մաս։  Այսինքն՝ Աբրահամյանի նկատմամբ ավելի խիստ պատիժ է կիրառվել: «Սերգեյ Աբրահամյանը հաղորդում է ներկայացրել, որի կապակցությամբ գլխավոր դատախազությունն անգործություն է դրսևորել»,- ընդգծում է Լիլիթ Պինգոլցյանը: Դատախազությունը պատասխանել է գրությամբ, որ Աբրահամյանի ներկայացրած տեղեկությունները հանցակազմ չեն պարունակում, ուստի հիմքեր չկան քննիչի գործողությունների կապակցությամբ  քրեական գործ հարուցելու համար: Դատախազության կողմից դրսևորված անգործությունը Աբրահամյանների կողմից բողոքարկվել է առաջին ատյանի դատարան, սակայն վերջինը մերժել է բողոքը: Աբրահամյանը ներկայացրել է վերաքաննիչ բողոք։ Այսօր  դատարանը բողոքը բավարարեց մասնակիորեն: «Պահանջն այսպիսին էր. բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ: Պարտավորեցնել, որ դատախազությունը գործողություն կատարի: Բայց քանի որ առաջին ատյանը այնպիսի խախտում էր կատարել, որ վերաքննիչը չէր կարող այդ որոշումը կայացներ, մասնակի բավարարեց: Որոշեց գործը ուղարկել հետ առաջին ատյանի դատարան: Այսինքն՝ առաջին ատյանի դատարանը նորից պետք է այդ բողոքը քննի, քանի որ նյութը չէր հետազոտել, ուստիև վերաքննիչը բեկանեց առաջին ատյանի որոշումը»,- պարզաբանեց Լիլիթ Պինգոլցյանը: