Հանրային իրազեկման կարևորությունը հակակոռուպցիոն համակարգում (տեսանյութ)
«2013-ի դեկտեմբերին կառավարության աշխատակազմում ստեղծվեց հակակոռուպցիոն մոնիտորինգի բաժինը»,- ասում է «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Այս համակարգը, ըստ Հոկտանյանի տեղեկությունների, գործելու է վարչապետի աշխատակազմում: Հոկտանյանը կարևորում է վարչության վերանայման հարցը և ավելի շատ ռեսուրսների տրամադրումը դրա գործունեության համար: Մեկ այլ խնդիր, ըստ ԹԻՀԿ ղեկավարի, իրական գնահատման և մոնիտորինգի համակարգի փաստացի բացակայությունն է: Պարոն Հոկտանյանը շեշտեց հանրային աջակցության և իրազեկության բարձրացման միջոցառումների կարևորությունը: Մանրամասնեց, որ համակարգային պայմաններում այդպիսի աջակցություն կգա, և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտի ձևավորում կլինի, երբ որ քաղաքացիները տեսնեն ու հասկանան, որ իսկապես լուրջ փոփոխություններ են կատարվում այդ պայմաններում: «Եվ այս էտապում էլ կարելի է դա անել: Առաջին հերթին կարելի է դա անել դպրոցական և համալսարանական ծրագրերում, որոշակի հակակոռուպցիոն մոդուլների ներդրմամբ»,- եզրափակեց Հոկտանյանը։