Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործադուլ՝ կառավարության ձեւավորումից անմիջապես հետո

Հասարակություն
restoran1

Հայաստանի ռեստորանների միությունը կհայտարարի իրենց մեկօրյա գործադուլի օրը՝ նոր կառավարության ձեւավորումից անմիջապես հետո: Միության անդամները շարունակում են բողոքել Հարկային օրենսգրքի փոփոխություններից: 2019 թվականի հունվարի մեկից վճարվող 6 տոկոս շրջանառության հարկը դառնում է 8 տոկոս:  Իսկ 2020 թվականից  այն կավելանա եւս երկու տոկոսով՝ դառնալով 10 տոկոս: «Նոր հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո՝ մեր ելակետային հարկը վերափոխվել է շրջանառության հարկի: Հուլիսի մեկից մենք վճարում ենք 6 տոկոս շրջանառության հարկ, իսկ մինչ հուլիսի մեկը վճարում էինք տարածքի համար, այսինքն՝ քառակուսի մետրի դիմաց եւ այլ հարկեր՝ լիցենզիաների դիմաց եւ այլն: Հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանի տարբեր վարչական շրջաններում մեկ քառակուսի մետրի վճարը տարբեր է: Կենտրոնում ավելի թանկ, մարզերում՝ էժան:»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ռեստորանների միության նախագահ Աշոտ Բարսեղյանը: Բարսեղյանի խոսքով՝ հուլիսի մեկից փոփոխված օրենսգրքով ռեստորանների սեփականատերերը կարողացել են հարմարվել եւ տեսանելի թանկացումներ չեն գրանցվել: «Սակայն հունվարի մեկից հետո չենք կարող, եւ այդ հարկատեսակի բարձրացումը կազդի գների վրա, սեփականատերերը  ստիպված կթանկացնեն գները, ինչն  էլ կազդի տուրիզմի վրա: Հարկային բեռը ռեստորանների վրա ավելանում է: Այս ոլորտում այդքան եկամուտ չի գոյանում, որ կարողանանք բարձր տոկոսով շրջանառության հարկ վճարել»: Աշոտ Բարսեղյանը վստահեցրեց, որ իրենք ապաքաղաքական կառույց են, խոսքը միայն բիզնեսի մասին է: