Նոր կուսակցություն. «Ազգային օրակարգ»
Տեղի ունեցավ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներ՝ Ավետիք Չալաբյանի, Արա Հակոբյանի և Իգոր Զարգարյանի մամլո ասուլիսը: Ասուլիսի ժամանակ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամները հայտարարեցին քաղաքական նոր ուժի` «Ազգային օրակարգ» կուսակցության մեկնարկի մասին` ներկայացնելով կուսակցության ստեղծման հռչակագիրը, ներառյալ՝ գործունեության հիմնարար սկզբունքները, նպատակները և ուղղությունները: Հայտարարվեց, որ նոր կուսակցությունը պատրաստվում է զբաղեցնել հայաստանյան քաղաքական դաշտի ազգային-առաջադիմական, աջակենտրոն հատվածը։ Խոսելով կուսակցության հիմնադիրների և ակնկալվող քաղաքական և սոցիալական հենարանի մասին, հիմնադիր հանձնախմբի անդամները հայտարարեցին. «Մեզանից յուրաքանչյուրը երկար ճանապարհ է անցել, ունեցել մասնագիտական հաջողություններ և ձեռք բերել ճանաչելիություն, և իր կարողությունների զգալի մասը ներդրել հանրային գործունեության մեջ։ Մեր ջանքերը մշտապես ի սպաս ենք դրել ազգային զարգացման հիմնական գերակայություններին՝ մասնավորապես օժանդակելով անվտանգության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը, միջազգային հեղինակության բարձրացմանը, արդիական կրթահամակարգի ձևավորմանը և հայրենադարձությանը։ Այսօր մենք բարձրացնում ենք մեր ներգրավվածությունը որակապես նոր մակարդակի և քաղաքական հայտ ենք ներկայացնում, քանի որ ցանկանում ենք հանրությանը տրամադրել իրական հնարավորություն՝ համատեղ ձևավորելու մեր արդի ազգային օրակարգը, և կերտելու ազգային պետություն։ Այս ճանապարհին կոչ ենք անում մեր համախոհներին՝ միանալ մեզ, համատեղ ձևավորել ժամանակակից ազգային օրակարգը և միասին իրականություն դարձնենք մեր հավաքական իղձերը։» Հայտարարվեց նաև, որ արդեն սկսվում է կուսակցություն անդամներ հավաքագրելու գործընթաց։ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներ