Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենսական նշանակություն ունի հարավային սահմանը. իրանագետ (տեսանյութ)

Հասարակություն
Iranagetner

«Ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում տեղի էին ունենում քաղաքական փոփոխություններ, Իրանում տնտեսական խնդիրներ էին առաջացել»,- հիշեցնում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը: «Սկսած ապրիլ-մայիս ամիսներից իրանա-ամերիկյան հարաբերությունները թևակոխեցին լարվածության նոր փուլ, որը շարունակվեց ամբողջ տարվա ընթացքում»,- ասում է իրանագետը: Տոնոյանի կարծիքով՝ այս ամենը հետաքրքիր է. «Որովհետև այս ամենը որոշակի պասիվություն բերեց հայ-իրանական հարաբերությունների թե՛ քաղաքական հատվածում, և թե՛ Իրանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներով պայմանավորված խնդիրներ բերեց նաև հայ-իրանական տնտեսական հարաբերություններում»: Ըստ իրանագետի՝ մասնավորապես դա արտահայտվեց զբոսաշրջության ոլորտում. «Տնտեսական խնդիրները, որոնք առաջացան Իրանում, անմիջականորեն ազդեցին այս ոլորտի վրա»: Մի քանի անգամով իրանական փողի արժեզրկումը բերեց լուրջ խնդիրների արտարժույթի ձեռք բերման տեսանկյունից, որը և հանգեցրեց Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների կտրուկ նվազմանը: Պատասխանելով հարցին, թե իրանա-ամերիկյան լարված հարաբերությունների շրջանակներում Հայաստանն ինչ մեխանիզմներ պետք է կիրառի երկուստեք հարաբերությունների համատեքստում՝  իրանագետ Գարիկ Միսաքյանը պատասխանեց. «Ըստ էության Հայաստանի կառավարությունը դեռևս նախորդ պատժամիջոցների ընթացքում կիրառել է այնպիսի քաղաքականություն, որ կարողացել է լավ հարաբերություններ պահպանել և՛ Ամերիկայի, և՛ Իրանի հետ, ինչպես նաև բավականին լուրջ հարաբերություններ սկսել ԵՄ-ի հետ»: Իրանագետը նշեց այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը նույն Բոլթոնին բացատրել է, որ իր համար կենսական նշանակություն ունի Իրանի հետ հարաբերությունների պահպանումը: Միսաքյանի համոզմամբ՝ ալտերնատիվ տարբերակ հայ-իրանական հարաբերություններում ներկա պահին չկա, որովհետև ունի 2 փակ սահման, և կենսական նշանակություն ունի հարավային սահմանը: Որքան էլ, որ ճնշումներ լինեն Ամերիկայի կողմից, դրանք պետք է լինեն տրամաբանության շրջանակներում: