Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Արսեն Ջուլֆալակյանն այլևս «ԲՀԿ»-ի ցուցակում չէ (տեսանյութ)

Սպորտ
sport-arsen

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու: «Նախկինում առաջարկներ ստացել եմ, բայց մերժել եմ, քանի որ նախկին ԱԺ-ն կոնկրետ ինձ համար հետաքրքիր չէր, թեկուզ օրենսդիր գործունեությամբ զբաղվելու համար: Շատ հակասական էր պատկերը, չէի ուզում ինձ այնտեղ տեսնել: «Իմ քայլը» դաշինքն ունի շատ մաքուր եւ բարի ցանկություններ և մտադիր է կառուցել այնպիսի Հայաստան, ինչն ինքս եմ ցանկանում: Ես կուսակցական  չեմ դառնա, կշարունակեմ զբաղվել սպորտով», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց անվանի մարզիկը: Անվանի մարզիկը ուզում է, որ Հայաստանում ձեւավորվի ավելի ուժեղ Ազգային ժողով, որպեսզի իրականացվի թավշյա հեղափոխության բոլոր ծրագրերը: Նա պատրաստ է ակտիվորեն մասնակցելու այդ գործընթացին, թեկուզ՝ սպորտի բնագավառում: «Մի քանի օրինագծեր կան, որոնք կուզեի կյանքի կոչել սեղմ ժամկետում: Օրինակ՝ մարզիկների առողջապահական ապահովագրությունը: Կամ, մարզիկների աշխատանքային ստաժի հաշվարկումը», - նշեց պատգամավորի թեկնածուն: Իսկ ինչ վերաբերում է այն փաստին, որ հինգ տարի առաջ նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել էր Երեւանի քաղաքապետարանի ավագանու թեկնածու, Արսեն Ջուլֆալակյանն ասաց. «Այն ժամանակ անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով մասնակցեցի ավագանու ընտրությանը՝ պայմանով, որ չեմ մտնելու կուսակցություն, քանի որ չեմ կիսում «Բարգավաճ Հայաստանի» գաղափարախոսությունն ու վարած քաղաքականությունը: Նման քայլի դիմել եմ զուտ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եղած անձնական հարգանքից: Այն ժամանակ ես հետաքրքրված չէի ո՛չ ավագանու ընտրություններով, ո՛չ էլ մեծ քաղաքականությամբ, քանի որ մտածում էի միմիայն 2016 թվականի օլիմպիական խաղերի մասին», - պարզաբանեց Արսեն Ջուլֆալակյանը: Անվանի ըմբիշը վերջում ավելացրեց, որ պատրաստվում է մասնակցել Հայաստանի ըմբշամարտի առաջիկա առաջնությանը, որպեսզի նորից ընդգրկվի հավաքականի կազմում եւ շարունակի ելույթները միջազգային մրցասպարեզներում: