Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը գեղեցիկ խոսքեր չի ասում. Ծառուկյանը՝ Ծառուկյանի մասին

Քաղաքականություն
carukyan

ԲՀԿ առաջնորդն իր մասին խոսում է 3-րդ դեմքով. «Գագիկ Ծառուկյանը կարող է խոսել բոլոր ոլորտներից»։ Սակայն հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ Եղեգնաձորում նա խոսեց հակիրճ՝ ներկայացրեց իրենց ապագա անելիքներն ու ծրագրերը: Ավելին՝ շեշտեց, որ ինքը գեղեցիկ խոսքեր չի ասում, այլ ասում է այն, ինչ լիարժեք կարող է իրականացնել: ԲՀԿ առաջնորդի համոզմամբ՝ կարևոր է, որ ժողովուրդը հասկանա, որ իր մասին մտածող կա, իր հոգսը կիսող կա: Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ հասարակության մի ստվար զանգվածի համար առողջապահության անհասանելիությանը, վարկերի ու տոկոսների բեռի տակ կքած քաղաքացիներին, որ պարզապես գոյատևում են և չեն կարողանում սեփական աշխատանքով առօրյա կարիքները բավարարել: «Ձեր ցավը տանեմ, բոլորդ վարկերի տակ եք, դրա համար մենք այսօր պետք է մտածենք, որ այդ մարդկանց հնարավորություն տանք, որ գոնե ապրեն, գոնե նոր թափ ստանան: Մարդը 15, 20 տոկոսով վարկ է վերցրել, այսօր չի կարողանում դրա տակից դուրս գալ»,- իր մտահոգությունն է արտահայտում Ծառուկյանը: Ելույթի ավարտին՝ Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Եղեգնաձորում առաջադրված պատգամավորության ռեյտինգային թեկնածուներին։ Առավել մանրամասն ներկայացվեց Սերգեյ Բագրատյանը: Միջոցառման ավարտից հետո էլ հավաքված տեղաբնիկները դեռ երկար չէին հեռանում հանդիպման վայրից՝ Գագիկ Ծառուկյանին ներկայացնելով իրենց հոգսերը և ակնկալելով նրա կողմից առկա խնդիրների հրատապ լուծում: