Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական ուժերը միմյանց սևացնելու ժամանակ չեն ունենա. հոգեբան

Հարցազրույց

Հարցազրույց հայ-ռուսական համալսարանի կրեատիվ ինդուստրիայի ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլինա Ասրիյանի հետ  

-Տիկի՛ն Ասրիյան, մինչև ապրիլյան հանրահավաքները քաղաքական ի՞նչ տրամադրություն էր տիրում Հայաստանում։ -Հասարակական ընկալման առումով քաղաքականության մեջ ճգնաժամային փուլ էր։ Եվ հանրահավաքների համար պատճառներ, իհարկե եղել են։ Ժողովուրդն իրեն խաբված էր համարում, հատկապես՝ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Անընդհատ հղում էր կատարվում այն ելույթներին, որտեղ երրորդ նախագահը խոստացել էր չմասնակցել ընտրությանը։ Տեղի ունեցածն առաջին հայացքից իհարկե բավականին տրամաբանական հանգուցալուծում կարող էր թվալ այն ամենից հետո, ինչ կատարվեց քաղաքական դաշտում։      -Որո՞նք էին այն հիմնական պատճառները, որ բնակչությանը մղեցին զանգվածային ցույցերի։ -Կան մի շարք թե՛ օբյեկտիվ պատճառներ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ ցանկացած երևույթը մեկնաբանելիս։ Օբյեկտիվ պայմաններից էին արժեզրկված խոստումները և սպասումները, սոցիալ-տնտեսական վատ պայմանները։ Այնուամենայնիվ այս բոլոր օբյեկտիվ պայմանները երբեք որպես հանգուցալուծում չէին բերի այն քաղաքական ակցիաներին, որ այսօր հեղափոխություն ենք անվանում։ Առանց կոնկրետ լիդերի, առանց ուղղորդված ազդեցության, որը տեղի ունեցավ սոցիալական ցանցերի միջոցով, և առանց կոնկրետ հանգուցային հաղորդագրությունների, հանգուցային բառերի, որոնք ուղղվում էին ժողովրդին, և վերջինս պարզապես գնաց այդ ուղերձների ետևից։ -Որո՞նք էին այն հիմնական ուղերձները, որոնք մեծ դերակատարություն ունեցան։ -Առաջին ուղերձը, որի ետևից ժողովուրդը գնաց, «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսն էր։ Եվ առհասարակ ուսումնասիրելով գունավոր հեղափոխությունների առանձնահատկությունները՝ դրանք կարելի է անվանել նաև էլեկտորալ։ Այն իմաստով, որ նման հեղափոխությունները հիմնականում տեղի են ունենում որևէ քաղաքական ընտրությունից հետո։ Այսինքն՝ վեր է հանվում և բարձրացվում ընտրվածների լեգիտիմության հարցը։ Եվ այս առումով ՀՀ թավշյա  հեղափոխությունը ևս բացառություն չէր, որովհետև նորից վեր հանվեց առկա իշխանության լեգիտիմության խնդիրը։ Եվ մեղադրանքները հիմնականում այս ուղղությամբ էին։ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը, որն ուղղված էր յուրաքանչյուրին, բավական մեծ դեր խաղաց, ու ժողովուրդը պարզապես վեր կացավ իր տեղից։ Բացի դրանից շատ կարևոր է հասկանալ այս քաղաքական ակցիայի ձևաչափը։ Այսինքն՝ քաղաքական ակցիաները լոկալիզացված չէին որևէ տեղ, որևէ հրապարակում, ինչպես սովորաբար է արվում։ Նույն Ջին Շարպի մեթոդաբանության մեջ, որը սովորեցնում է հեղափոխություններ անելու արվեստը, ասվում է, որ հեղափոխությունը սովորաբար կառչած է լինում ինչ-որ մի տեղի, ինչ-որ մի հրապարակի։ Օրինակ՝ մենք դրա ականատեսը եղանք Ուկրաինայում․ այդ ամենը տեղի ունեցավ Մայդանի վրա։ Հայաստանում այդպես չէր, լոկալիզացված չէր այս ամենը։ Հեղափոխությունը քայլում էր փողոցներով և յուրաքանչյուրի մասնակցությունը, կարծես թե, անկասկած դարձնում։ Այսինքն՝ հեղափոխությունը, կարծես թե, գալիս էր քո ետևից, քո տուն նույնիսկ։ Եվ այլևս չմասնակցել այդ բոլոր պրոտեստային շարժումներին բավականին դժվար էր։ -Ի՞նչ աղերսներ և ընդհանրություններ կային 2008 թ մարտի 1-ի, 2016 թ ՊՊԾ գրավման և այս տարվա ապրիլյան իրադարձությունների միջև։     -Կարծում եմ, որ կար Ձեր հարցին հակառակ տենդենց։ Այսինքն՝ հեղափոխությունը կազմակերպող մարդիկ փորձում էին կոնտրաստի զուգորդության էֆեկտն օգտագործել և փորձում էին չզուգորդվել Ձեր նշած իրադարձությունների հետ։ Իրականում այս թավշյա հեղափոխություն իրագործողները փորձ արեցին զուգորդություններ չառաջացնել նախկին որևէ քաղաքական ըմբոստության ակցիայի հետ։ Իհարկե կային մարդիկ, որոնք մասնակցում էին ինչպես այն ժամանակ, այնպես էլ իրագործվող հեղափոխության գործընթացին։ Այդ մարդկանցից էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որին բնակչությունը հիշում է որպես մարդ, որը մասնակցում էր «Էլեկտրիկ Երևան», «Տրանսպորտի թանկացման դեմ» ակցիաներին։ Եվ նույնիսկ քաղաքապետի ընտրության գործընթացում վկայակոչում էին Մարությանի մասնակցությունը վերոնշյալ բողոքի ակցիաներին, այսինքն՝ «Մենք վստահում ենք Մարությանին, որովհետև նույնիսկ նախքան հեղափոխության իրագործումը միշտ ժողովրդի կողքին էր»։ -Որո՞նք էին իրենց շուրջը համախմբող ելակետային գաղափարները։ -Գաղափարներից մեկը թշնամու վկայակոչումն էր։ Թշնամու կերպարը բաժին հասավ Հանրապետական կուսակցությանն ու կուսակցության ղեկավարին։ Նույնիսկ հեղափոխությունից հետո հղում էր կատարվում այդ թշնամու կերպարին ամեն անգամ, երբ որ դրա կարիքը կար և ամեն անգամ, երբ որ ժողովրդին փողոց դուրս հանելու խնդիր կար։ Եվ շահարկվում էր ամեն անգամ մի միֆ՝ «Եթե այս ամենը ավարտին չհասցնենք, կա  հնարավորություն, որ ՀՀԿ-ն կվերադառնա»։ Եվ Հանրապետական կուսակցության այդ պատրանքային վերադարձը մոբիլիզացնում էր ժողովրդին ի օգուտ որոշակի գործողությունների։ Հաջորդ միֆը հերոսի մասին էր՝ հերոս-պաշտպանի, հերոս-փրկչի։ Եվ ժողովուրդն ի վերջո միավորվեց կոնկրետ հերոսի շուրջ, որը հենց Փաշինյանն էր։ Եվ եթե հեղափոխության սկզբնավորման փուլում կարգախոսը պարզապես ինչ-որ ուժի մերժումն էր, ապա եկավ ինչ-որ փուլ, և ժողովուրդը միավորվեց Փաշինյանի անձի շուրջ։ Եվ որպես միակ հնարավոր վարչապետի թեկնածու սկսեցին դիտարկել հենց Փաշինյանին։  Եվ որևէ այլընտրանքի վերաբերյալ պատկերացում նույնիսկ չկար։ Աշխատում էին ամբոխի հոգեբանության ինչ-որ առանձնահատկություններ նաև։ Բայց սա ևս տրամաբանական է, և ցանկացած հեղափոխության ժամանակ այս բոլոր առաձնահատկություններն աշխատում են։ -Ինչ կասե՞ք առանձնահատկությունների կապակցությամբ։ -Պարզապես կթվարկեմ մի քանիսը։ Ամբոխը շատ հուզական է, ամբոխը կապված է առաջնորդի հետ յուրահատուկ կապերով, ամբոխը անդեմ է և ամբոխը սովորաբար չի կրում պատասխանատվություն։ Դոմինանտող է դառնում «Եթե անում են բոլորը, ես էլ կարող եմ անել, պատասխանատվությունը ևս կիսում են բոլորը» գաղափարը: -Աժ արտահերթ ընտրություններին ընդառաջ ի՞նչ գործիքակազմ, քարոզչական մոդելներ կկիրառվեն։   -Կարծում եմ՝ որևէ զարմանալի գործիքակազմ չի կիրառվելու։ Հասկանալի է, որ այսօր անցել ենք դիջիթալ (թվային) ոլորտ։ Եվ այդ առումով արդարացված է լինելու բոլոր թեկնածուների և բոլոր կուսակցությունների ներկայությունը հենց թվային հարթակում։ Հեռուստատեսային գովազդը, հեռուստաեթերը նույնպես կկիրառվեն բավականին ակտիվ։ Այնուամենայնիվ կարծում եմ՝ հիմնական ուղերձները, հիմնական ակտիվությունը երևալու են համացանցում։           -Արդյո՞ք «բարիկադաբաժանում», «սև-սպիտակներ» կլինեն, մի կողմը կսևացնի՞ մյուսին։     -Շատ քիչ օր կա ընտրարշավ իրականացնելու համար․ զարմանալի քանակությամբ քիչ։ Մաքսիմում, ինչ կհասցնեն կուսակցությունները և դաշինքները, հայտարարելն է սեփական քաղաքական ուժի առկայության և մասնակցության մասին։ Ու չեմ կարծում՝ նրանք կունենան բավարար ժամանակ միմյանց սևացնելու համար։ Որովհետև այսօր քաղաքական ուժերը, որոնց ինչ-որ մի մասը նոր դեմքերով է համալրվել, ինչ-որ մի մասը նոր դաշինքներով է ներկայանալու, խնդիր ունեն պարզապես հասկանալի դարձնել, թե իրենք ով են, ինչի մասին են խոսելու ժողովրդի հետ, ինչ կարող են անել, ինչ կարող են փոխել և այլն։ Եվ այդ 12 օրը հազիվ թե բավարար լինի քաղաքական ներկայանալի իմիջով ներկայանալու համար։ Մյուս կողմից՝ համարյա թե չենք ունենալու իսկապես իրար հակադրվող, քաղաքական արժեքների իմաստով, ուժեր և այդ առումով, ճիշտն ասած, բարիկադներ կառուցելու իմաստն էլ չեմ տեսնում։ Միգուցե որոշ ուժերի մոտ կլինեն ինչ-որ պատրանքային ընդդիմադիր հայացքներ կառուցելու ցանկություններ։ Բայց նորից եմ կրկնում՝ «սև-սպիտակ» բաժանումը, չեմ կարծում, որ ակտուալ կլինի։