«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի «ՃԱՂԵՐԻՑ» ԱՅՆ ԿՈՂՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ փառատոնին այս տարի եւս մասնակցում էին համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ դերասաններ ու կինոռեժիսորներ: Մեր դերասանական եւ ռեժիսուրական կազմը եւս ներկայացված է փառատոնին կամ իրենց աշխատանքներով, կամ ուղղակի հյուրի, ժյուրիի կարգավիճակով: Կան նաեւ շատ արվեստագետներ, որոնք, կարելի է ասել, ուղղակի անտեսվել էին փառատոնի կազմակերպիչների կողմից: Դա հստակ երեւում էր հատկապես փառատոնի բացման արարողության ժամանակ: Ազատության հրապարակում հրավիրված հյուրերի համար ոստիկանության աշխատակիցներով ու ցանկապատներով առանձնացված հատուկ տարածքից դուրս կանգնած էին բազմաթիվ կինոգործիչներ ու դերասաններ, որոնք, իրենց ասելով, եկել էին «ճաղերի ետեւից դիտելու փառատոնը»:
Հիմնականում նրանք այն արվեստագետներն էին, որոնք ունեն իրենց ուրույն կարծիքը փառատոնի մասին, որն առանձնանում էր հատկապես իր քննադատական ոգով: «Երեւի դա էր պատճառը, որ մենք հրավիրվածների պատվավոր կազմում չենք: Դա ասում եմ ոչ թե նախանձից կամ այլ զգացմունքներից դրդված, ուղղակի փառատոնից ընդամենը մի քանի օր առաջ հանդիպումներ եմ ունեցել կազմակերպիչներից շատերի հետ եւ զրուցել փառատոնի խնդիրների շուրջ: Ես այն հասկացա, որ նրանք այս տարի էլ ցանկացան մնալ ու դոփել նույն տեղում: Երեւի դա նրանց, այնուամենայիվ հաճելի ու շահութաբեր է»,- ասաց երեւանյան բուհերից մեկում դասավանդող մի կինոգործիչ, որը խնդրեց չհրապարակել իր անունը՝ ասելով, որ «այդպիսով ուզում է խուսափել ավելորդ գլխացավանքներից ու հետապնդումներից»:
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Մագալյանն էլ ասաց, որ ինքը երեւի հրավիրված չէր այն պատճառով, որ. «Միգուցե շատ ավելի մեծ կինոգործիչներ կան ներսում, քան ես, որոնց առջեւ ես խոնարհվում եմ»: «Թող ընդունեն իմ այս ծաղրանքը»,- ավելացրեց նա: Փառատոնի մասին նրա կարծիքը ձեւավորվել էր հենց բացման արարողության տեխնիկական ձեւավորումից: «Բացումն է, տեսեք, լույսեր չեն դրված, մութ է: Ո՞ւմ համար էր այդ ամբողջ ներկայացումը, էտ ո՞ր կինոգործիչն էր կազմակերպել: Բարձրախոսներով ամբողջ բեմը փակ էր: Նույնիսկ չեմ կարծում, որ դիմացը նստածները շատ ավելին կարողացան տեսնել, քան ճաղերից այս կողմ գտնվողներս, միգուցե մեկ-երկու տոկոսով ավելին, բայց ոչ շատ: Այդպիսի մթություն դեռ երկար ժամանակ ես Ազատության հրապարակում չէի տեսել»,- պատմում էր Սերգեյ Մագալյանը:
Հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը նշեց, որ ի տարբերություն հեռուստատեսության, կինոն սկսել է արթնանալ: Իսկ «Ոսկե ծիրան»-ը լավ հնարավորություն է առնչվելու համաշխարհային մեծության կինոգործիչների հետ: «Հուսով եմ, որ այդ անուններն ավելի կմեծանան ու արդեն իրական աստղեր կգան մեզ մոտ»,- ասաց նա: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հայ կիոնարվեստում ունենք այսօր տաղանդավոր գործիչներ, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ մենք այսօր ունենք աստղեր, մենք ունենք ընդամենը շնորհալի կինոռեժիսորներ, ցավոք սրտի: Աստղեր եղել են 20-րդ դարում, որն ինձ համար արվեստի բնագավառում համարվում է ոսկե շրջան: Չեմ կարծում, որ 21-րդ դարում լինեն նրանք, միգուցե՞ 22-րդում լինեն: Դժվար է աստղ դառնալը: Նույն էստրադայում այսօր աստղային երկինք է, բայց ոչ մի փայլող աստղ չկա երկնակամարում»,- նկատեց Կարեն Քոչարյանն` ավելացնելով. «Եւ ընդհանրապես, լինելու դեպքում` մեր կինոգործիչներն կտա՞ն արդյոք հնարավորություն մեր աստղերին»: