Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՑԱԾՐՈՐԱԿ ՖԻԼՄԵՐԻ ԴԵՄ

Մշակույթ

«Ոսկե ծիրան» երեւանյան 4-րդ միջազգային կինոփառատոնը նաեւ յուրատեսակ պայքարի միջոց է Եվրոպայի հեռուստաեթերն ու կինոդահլիճներն հեղեղած ամերիկյան ցածրորակ ֆիլմերի դեմ: Այս մասին այսօր նշեցին Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատների մշակույթի բաժնի ներկայացուցիչներ Անրի Մոնրին եւ Մելանի Մորտմանը: Ի դեպ, «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում այս տարի կմեկնարկի «Փառատոն փառատոնում» խորագիրը, որը հայ հանդիսատեսին կներկայացնի ֆրանսիական կինոյի նոր սերնդի առավել հետաքրքրիր ռեժիսորների 10 լավագույն ֆիլմերը: Այս խորագրից բացի` փառատոնում կներկայացվի նաեւ «Եվրոպա-2006»-ը՝ գերմանական եւ բրիտանական կինոյի առավել հետաքրքրիր ֆիլմերը:

«Ոսկե ծիրան»-ը այս 4 տարիների ընթացքում իր ուշադրությունը գլխավորապես սեւեռել է եվրոպական ֆիլմերի վրա եւ ձգտել միշտ պրոպագանդել այն»,- նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը: Անրի Մոնրին նկատեց, որ «Ոսկե ծիրան»-ին ցուցադրվող ֆրանսիական բոլոր ֆիլմերը ներկայացնում են Ֆրանսիան իր սոցիալական բոլոր շերտերով, սակայն, այնուամենայնիվ, գերիշխում է ռոմանտիկ ժանրը:

«Օրինակ՝ ֆրանսիական ֆիլմերի փառատոնը բացող ռեժիսոր Օլիվյե Ասսայասի ամենահաջողված ֆիլմերից մեկը՝ «Մաքուր»-ը, պատմում է մի կնոջ եւ ներքին մի անբացատրելի հավասարակշռության մասին: Վերջինս ճակատագրին եւ հանգամանքներին հակառակ` երիտասարդ կնոջը մղում է դեպի կյանքը: Ֆիլմը նաեւ ուրույն մի խորհրդածություն է ռոքի աշխարհի, նրա չգրված օրենքների եւ մի ամբողջ սերնդի վրա նրա թողած ազդեցության մասին: Մյուս ֆիլմերը նմանօրինակ շատ հետքրքրիր ու գրավիչ են»,- հիացմունքով պատմում է տիկին Մոնրին:

Մելանի Մորտմանն իր կողմից ավելացրեց, որ գերմանական ֆիլմերը հասկանալը միշտ էլ բարդ է եղել, եւ այդ նպատակով թե Գերմանիայում, թե եվրոպական տարբեր փառատոններին, ինչպես նաեւ «Ոսկե ծիրան»-ին դրանք հաճախակի են ցուցադրվում: Ի դեպ, փառատոնին կցուցադրվի նաեւ Գերմանիայում բնակվող Էդգար Հակոբյանի «Հեռախոսախցիկ» վավերագրական ֆիլմը, որը, սակայն, ընդգրկված է «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի մեջ:

Ինչ վերաբերում է ռուսական ֆիլմերի ցուցադրությանը, ապա , ըստ կազմակերպիչների, այս տարի ռուս-հայկական կինեմատոգրաֆիստական համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա է դրվել: Մինչ այդ, Սուսաննա Հարությունյանի հավաստմամբ, եղել են սուբյեկտիվ եւ օբյեկտիվ մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտել են սերտ համագործակցությանը: Այս «Ոսկեր ծիրան»-ին ներկա կլինի անգամ «Ցենտր Պարտնյոր Շիփ» կինոստուդիայից ներկայացուցչական մի պատվիրակություն, որը, ըստ տիկին Հարությունյանի, «լավագույնս է վկայում սերտ համագործակցության մասին»: