Անտագոնիզմ հարուստների և աղքատների միջև
ԱԺ-ում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ, անրադառնալով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի այն դիտարկմանը, որ օտարերկրյա ներդրումները նվազել են, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց. «Մենք որոշ չափով կարծես ագրեսիվ ներդրումային քաղաքականություն չենք վարում»: Բագրատյանն առաջարկեց կենտրոնանալ, իր իսկ պնդմամբ, տարբեր գործիքներից մեկի՝ գույքահարկի վրա: Մասնավորապես առաջարկեց իր մոտեցումը. «Եթե մենք առավել ապահովված, հարուստ հասարակությունից իր ունեցած գույքի արդյունքում շատ ավելի մեծ հարկ կիրառենք, քան աղքատ խավի համար ենք կիրառում, մենք կբերենք կարևորագույն մի հարցի լուծման՝ մենք կհանգուցալուծենք անտագոնիզմը առավել հարուստների և չափազանց աղքատների միջև»: Իսկ այդպիսի մոտեցումը պատճառաբանեց նրանով, թե որևէ մեկը չի պատրաստվում մի երկրում ներդրում անել, որտեղ անտագոնիզմ կա հասարակության մեջ: