Փաշինյանը մոտեցել է ուրցաձորցիներին և խոստացել լուծել նրանց հուզող խնդիրը (տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի դիմաց Արարատի մարզի Ուրցաձորի համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կատարել՝ պահանջելով նորանշանակ համայնքապետի պաշտոնակատարի հրաժարականը:
Ինչպես հայտնի է՝ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի պաշտոնակատարի նշանակումը լարվածություն է առաջ բերել համայնքում։
«Ա1+»-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց․ «Պաշտոնակատար է նշանակվել նախկին գյուղապետի դեմ ցույցի կազմակերպիչներից մեկի մորեղբոր տղան։ Կողմնակալություն են անում, գյուղը բաժանել են 2 մասի»։
Ակցիայի մեկ այլ մասնակից պնդում էր, որ գյուղում այդ ցույցը կազմակերպողը նախկին գյուղապետի հետ անձնական խնդիրները լուծելու համար է այդ քայլին գնացել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մոտեցել է ակցիայի մասնակիցներին: Գյուղացիները նրան են ներկայացրել խնդիրը։ Փաշինյանը խոստացել է հնարավորինս արագ լուծում տալ դրան։