Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 27.անցել է 19 տարի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hoktem-27

Վաղը հոկտեմբերի 27-ն է՝ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը։ Տասնինը տարի առաջ Նաիրի Հունանյանի ղեկավարած հանցախումբն Ազգային Ժողովում իսկական սպանդ կազմակերպեց՝ գլխատելով երկրի քաղաքական ընտրանին։ Ոճրագործության զոհ դարձան ութ պետական երևելի գործիչ՝ Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, նաև՝ Լեոնարդ Պետրոսյանը, Յուրա Բախշյանը, Ռուբեն Միրոյանը,Արմենակ Արմենակյանը,Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը։ Տևական դատավարության արդյունքում ոճրագործները երկարաժամկետ ազատազրկման դատապարտվեցին, պարագլուխն ու հիմնական դերակատարները՝ ցմահ։ Այդուհանդերձ, հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներն ու նրանց շահերի պաշտպանները տարիներ շարունակ պնդում են, որ այդ գործը մինչև վերջ բացահայտված չէ, որ եղել են պատվիրատուներ, որոնց անուններն այդպես էլ պարզ չեն դարձել։ Կասկածների տեղիք տվեց նաև հանցագործներից մի քանիսի առեղծվածային մահը, հատկապես կասկածելի էր, երբ մասնագիտությամբ էլեկտրիկ դատապարտյալը պատժախցում վախճանվեց էլեկտրահարումից։ Տասնինը տարի շարունակ խոսվում է, որ հոկտեմբերի 27-ի գործի լիարժեք բացահայտումը հնարավոր կլինի այն դեպքում միայն, երբ Հայաստանում իշխող վարչախումբը զրկվի լծակներից։ Այսօր փաստացի այդ տեսանկյունից բարենպաստ իրավիճակ է։ Երկրում իրական իշխանափոխություն է տեղի ունեցել։ Նոր Հայաստանի քննչական մարմինները հիմնավորապես անդրադառնում են մարտի մեկի գործին, խոստանում, որ դա ամբողջ խորությամբ բացահայտվելու է։ Ի դեպ, շատ փորձագետներ պնդում են, որ եթե հոկտեմբերի 27-ը ժամանակին բացահայտված լիներ, մարտիմեկյան ողբերգություն էլ չէինք ունենա։ Բացահայտված լինել, չլինելու, դրա հնարավորությունների մասին խոսակցությունները կթարմանան ամեն տարի հոկտեմբերի 27-ին, նաև՝ ամեն տարի այդ օրը մարդկային հոծ զանգված կլինի Եռաբլուրում, Ազգային պանթեոնում, հոկտեմբերի 27-ի մյուս զոհերի գերեզմանատներում։ ԱԺ բակում նույնպես կանցկացվի ավանդական հիշատակման արարողությունը։ Երևանի քաղաքապետարանն էլ ավագանու նիստը հետաձգեց՝ հիշատակման միջոցառումներին հավուր պատշաճի մասնակցելու համար։