Կոտ Դիվուարից բերված շոկոլադն արագ սպառվել է (տեսանյութ)
Արդեն 5 ամիս է՝ հայկական շուկայում են հայտնվել զարգացնող խաղալիքները: Վարդան Վասիլյանը դեռ 4 տարի առաջ էր եղբոր հետ մտածել փոքրիկ արտադրամաս հիմնելու մասին: «Դեռ 3-4 տեսակ խաղ կա, կոնստրուկտորներ են եւ փազլներ, որոնք պատկերում են ներկա եւ Հին Հայաստանը»,-ասում է նա: Վաճառքի տեմպերը բարձր չեն, այս պահին վաճառքն իրականացվում է միայն օնլայն հարթակում: Վարդանը նշում է՝ շատերի համար խաղալիքի գինը բարձր է, բայց այն արդարացված է: «Խաղալիքները պատրաստված են փայտից, որակը շատ բարձր է: Չինացին հաստատ չի մտածի նույն կերպ մշակել խաղալիքը»: Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացված լինելը օգնեց կապեր ձեռք բերել ոչ միայն Վարդանին, այլև Կոտ Դիվուարից գործարար Աքսել Էմմանուելին: Աքսելը թողել է բանկային գործը եւ հիմնել Կոտ Դիվուարի առաջատար կակաո եւ սուրճ արտադրող ընկերությունը: «Կակաոյի հատիկները աղալով եւ կաթ ավելացնելով նաեւ շատ համեղ շոկոլադ ենք արտադրում: Այն հայերին եւս դուր է եկել, ամբողջ շոկոլադը, որ մեզ հետ բերել էինք արդեն սպառված են»,-նշում է նա: Աքսելը տեղեկացրեց, որ մինչ տարվա ավարտը պատրաստվում է այցելել Հայաստան: «Գրանդ Քենդի» ընկերության կողմից համագործակցության առաջարկ է ստացել: Ռուանդայից Թազիմ Փեղան հենց առաջին հայացքից է հավանել Հայաստանը: Ասում է՝ Ռուանդային շատ է նման, ե՛ւ տարածքի փոքրությամբ, ե՛ւ լեռնային երկիր լինելով: Ռուանդայի ավանդական զարդերը բերել է այստեղ ներկայացնելու: «Այս զարդերը պատրաստվում են ձեռքով, տեղի կանանց կողմից: Քանի որ դուք ունեցել եք դարի առաջին ցեղասպանությունը, իսկ Ռուանդան դարի վերջին ցեղասպանությունը, ապա մեզ մոտ կանայք դժվարությունները հաղթահարում են ձեռագործ աշխատանքներ ստեղծելով»: Թազիմը տպավորված է հեռանում Հայաստանից եւ խոստանում առիթի դեպքում անպայման վերադառնալ: