Խուլիո Ռիբաս. Հայաստանի հավաքականն ուժեղ թիմ է
ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից, Ֆուտբոլի Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլիո Ռիբասը կարծում է, որ Հայաստանի ընտրանու խաղամարակրդակն այնքան էլ չի փոխվել, չնայած միայն վերջերս է հայտնի դարձել նոր գլխավոր մարզչի անունը: «Դժվար է ասել, թե այդ փոփոխությունը լավ է, թե վատ մեր համար, սակայն Հայաստանի հավաքականն իմ համար մնում է ուժեղ թիմ, քանի որ նրա ֆուտբոլիստները հանդես են գալիս լավ ակումբներում: Ինչ վերաաբերում է մարզչական փոփոխությանը, ապա դա մարզիչների ճակատագիրն է եւ նման փոփոխություններն անխուսափելի են ֆուտբոլում», - նշեց ուրուգվայցի մասնագետը: «Ա1+»-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ազգերի լիգային, որը մի շարք առաջատար մասնագետներ համարում են անիմաստ մրցաշար, Խուլիո Ռիբասն ասաց: «Ազգերի լիգան կարեւոր մրցաշար է, չնայած առաջատար ակումբները դժգոհում են, որ առանց այն էլ հագեցած է միջազգային խաղացանկը եւ այս հանդիպումները հոգնեցնում են ֆուտբոլիստներին: Սակայն նման կարգի մրցումները փոքր երկրների խաղացողներին հնարավորություն են տալիս ցույց տալ իրենց ունակությունները, ձեռք բերել միջազգային փորձ, մրցել հավասար մրցակիցնբերի հետ: Կարծում եմ, որ այս մրցաշարը կարեւոր նշանակություն ունի բոլորի համար», - մեկնաբանեց մարզիչը: Խուլիո Ռիբասը նշեց, որ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից բացակայում են երկուսը. Անդրե Տիայ Դե Բարը երկու դեղին քարտ ունի և բաց է թողնելու Հայաստանի հետ հանդիպումը, իսկ ահա կիսապաշտպան Էնտոնի Էրնանդեսը Երեւանում մկանն է վնասել եւ արդեն վերադարձել Ջիբրալթար, որպեսզի պատրաստվի Լիխտենշտայնի հավաքականի հետ խաղին: