Հայաստան շախմատի հավաքականներն այսօր ջախջախեցին մրցակիցներին
Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացան 6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպեց Մակեդոնիայի ընտրանու հետ և հաղթեց 3,5:0,5 հաշվով: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց մակեդոնացիների առաջատար Կիրիլ Գեորգիեւի հետ, իսկ ահա մյուս երեք խաղատախտակների վրա Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տարան: Մեր ընտրանին վաստակեց 10 միավոր եւ 21-րդ տեղից բարձրացավ 8-րդ հորիզոնական: Աղյուսակը 12 միավորով գլխավորում է Ադրբեջանի ընտրանին, որը միակ պարտությունն է հասցրել հենց մեր թիմին: Հայաստանի կանանց հավաքականը գերազանց անցկացրեց Ռուսաստանի ուժեղ ընտրանու հետ մրցավեճը և հաղթեց 3:1 հաշվով: Սեւերով հանդես եկող Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Ալեքսանդրա Կոստենյուկի և Վալենտինա Գունինայի հետ, իսկ ահա սպիտակներով խաղացած Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթեցին Ալեքսանդրա Գորյաչկինային ու Նատալյա Պոգոնինային: Մեր շախմատիստուհիները թիմային հաշվարկով վաստակեցին 11 միավոր եւ հավասարվեցին մրցաշարի առաջատար ԱՄՆ-ի հավաքականի հետ, որն այսօր ոչ-ոքի ավարտեց Հնդկաստանի հետ հանդիպումը՝ 2:2: