Ես թքել եմ այն ֆեյքերի վրա, ովքեր Հանրապետականի անունից քննադատում են. Ալիկ Սարգսյան (տեսանյութ)
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վրդովված է «Ֆեյսբուքում» մի շարք օգտատերերի մեկնաբանություններից: «Էսքան զոմբի մեր երկրում ո՞նց կա: Նրանց պատվիրում են, վարձատրվող մարդիկ են, ովքեր վարձատրվում են ինչ-որ մարդկանց կողմից, ովքեր ասում են՝ հենց մեկը մի դատողություն կանի, դուք էդ 120-դ դիմեք հարձակման: Էդ զոմբիները դիվանին նստած ո՛չ աշխատում են, ո՛չ մի բան չեն անում, հարձակվում են մարդկանց վրա»,- ԱԺ միջանցքներում լրագրողների հարցերին ի պատասխան ասում է նախկին ոստիկանապետը: Ըստ նրա՝ առանց կարդալու, թե ինչ է գրված, շատերը կարդում են ՀՀԿ և «հարձակում» են կատարում: «Ոչ մի դատողություն այս պահին չի կարող նորմալ արձագանք ստանալ, ինչ ուզում ես ասա, միևնույնն է: Հասարակ բարև տուր , մեկ է հարձակվում են: Խաժամուժ են դրանք: Էս խաժամուժը, որ իրան սենց լկտի է պահում, արդյո՞ք ժողովուրդն է, ոնց կարող է մարդ տունը նստած հայհոյանքներով զբաղվի»,- ասում է նա: Հարցին, որ հանրապետականը ևս ունի ֆեյք օգտատերեր, Ալիկ Սարգսյանը պատասխանում է. «Ես թքել եմ այն ֆեյքերի վրա, ովքեր Հանրապետականի անունից քննադատում են ինչ-որ մեկին, ինձ մի խառնեք էս ամեն ինչին, ես դուրս եմ էս ամենից , ես վեր եմ այս ամենից: Բայց որ պետք է համատարած հայհոյանք լինի միայն այն բանի համար, որ ես Հանրապետականի անդամ եմ, չեմ հասկանում»,- նշում է նա: