Ես ոչ թե քաղաքական, այլ հանրային գործիչ եմ. Անահիտ Թարխանյան (տեսանյութ)
«Երևանի հանրություն» դաշինքի ցուցակը կազմված է 12 հասարակական կազմակերպություններից և 2 քաղաքական ուժերից: Ցուցակը գլխավորում է Անահիտ Թարխանյանը: «Երկու քաղաքական ուժերն են «Գալա» կուսակցությունը և «Հայաստանի կանաչների կուսակցությունը», ովքեր երկար տարիներ պայքարել են քաղաքի բարելավման համար»,- ասաց Անահիտ Թարխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Թարխանյանի՝ Երևանի ընտրությունները համայնքային ընտրություններ պետք է լինեին և պետք է մասնակցեին ոչ թե քաղաքական, այլ հասարակական ուժերը: «Սակայն տեսնում ենք, որ առաջնությունը տրված է քաղաքական ուժերին, բայց ողջ աշխարհում քաղաքները կառավարվում են հանրության կողմից, հանրային գործիչների կողմից»,- նշեց նա: Անահիտ Թարխանյանը ներկայացրեց մի քանի ծրագրային դրույթներ: Ծրագրով՝ քաղաքը առանձնացված է ըստ մի քանի սկզբունքների, որոնցից է կայուն քաղաք, կանաչ քաղաք, խելացի քաղաք, անվտանգ քաղաք գաղափարախոսությունները: Անահիտ Թարխանյանը նշեց, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային համակարգին: «Տրանսպորտի արդիականացումը հնարավոր չէ առանց լուծելու տրանսպորտային օպերատորի հարցը: Դուք կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ չկա մոբայլ կապի օպերատոր: Հասարակական տրանսպորտի օպերատորների բացակայությունը հավասարազոր է սրան: Հանրային և հասարակական տրանսպորտը կարող է լինել տարբեր լուծումների մեջ: Ընդամենը պետք է կայացնել որոշում, որ մենք նման օպերատորների հրավիրում ենք Երևան, տենդերները հայտարարենք, սա չի արվել, քանի որ ավտոբուսի գծի տերերը եղել են քաղաքական գործիչները»,- ավելացրեց Անահիտ Թարխանյանը: Իսկ քաղաքի բեռնաթափման համար մեկ այլ լուծում կա. «Հնարավոր չէ իրականացնել քաղաքի բեռնաթափումը, եթե չլինեն օղակաձեւ ճանապարհներ: Երևանում ծայրամասեր հասնելու համար անհրաժեշտ է լինում անցնել կենտրոնով: Սա պետք է լուծել»,- ասաց նա: Անահիտ Թարխանյանը նշում է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում մեկ շաբաթում այս հարցերը կքննարկեն: Նա նշում է նաև, որ պետք է սահմանափակում դնել և ընդհանրապես արգելել շինարարությունը Երևանի կենտրոնում: Ծրագրային այլ մանրամասները՝ տեսանյութով