Սահմանադրության փոփոխության հարցում Քոչարյանի կարծիքը չենք կիսում. Շարմազանով (տեսանյութ)
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը կար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքին հարգանքով ենք վերաբերում, սակայն չենք կիսում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների մասին հարցին, ասել է. «Վերլուծել եմ: Կարծում եմ նա (Սերժ Սարգսյանը) չպետք է սահմանադրական փոփոխություններ կատարեր: Ես ժամանակին հանդես եմ եկել այդ փոփոխությունների քննադատությամբ: Նա չպետք է փորձեր իշխանությունը պահել իր ձեռքում՝ իր աթոռից նստելով վարչապետի աթոռին»: Շարմազանովի խոսքով, սահմանադրական փոփոխությունները կապված չէին Սարգսյանի՝ երրորդ ժամկետով իշխանությունը պահպանելու փորձի հետ. «Խորհրդարանական համակարգին անցնելը շատ դրական քայլ էր ժողովրդավարության, ազգային անվտանգության ամրապնդման համար, բխում էր պետական շահից: Այն ժամանակվա իրականությանը համապատասխան Հանրապետական կուսակցությունն ընտրություններում մեծամասնություն է ստացել, և մենք որոշեցինք, թե ում ենք վստահում այդ պաշտոնը: Մեր թիմում ավելի իմաստուն, պատրաստված, մարտահրավերներին դիմակայելու, ազգային անվտանգությունը գիտակցելու, Արցախի շահը պաշտպանելու ավելի փորձառու գործիչ չունեինք»: Միաժամանակ, Շարմազանովը շեշտեց, որ այս հարցում Քոչարյանի հետ համակարծիք չլինելը չի նշանակում, որ չեն կարող գործակցել հարցերի ավելի լայն շրջանակում: Գտնում են, որ Քոչարյանը քաղաքական դաշտում ասելիք ու անելիք ունի: Նրա խոսքով, հանուն ՀՀ ամրապնդման կպայքարեն այն քաղաքական գործիչների հետ, որոնք կիսելու են Հանրապետական կուսակցության քաղաքական օրակարգը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ կուսակցության օրակարգի գաղափարներն են՝ քրիստոնեական և ազգային արժեքները չվտանգելը, Արցախի շահերի պաշտպանությունը, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակական լինելը, ՀԱՊԿ-ում և Եվրասիական միությունում ՀՀ դիրքերը ուժեղացնելը, ԵՄ հետ համաձայնագրի բոլոր կետերի իրականացումը: