Որդեկորույս մայրը մեղադրում է ՀՀ գլխավոր դատախազին (տեսանյութ)
Գյումրեցի Ռուզաննա Ադանալյանը մեղադրում է ՀՀ գլխավոր դատախազին՝ իր որդու սպանության իրական մեղավորներին չպատժելու համար: «Արթուր Դավթյանը հանցագործ է, քանի որ վերջինս որդուս սպանության բոլոր հանցավոր դրվագներին ծանոթ է, ամեն ինչ կատարվում է իր գիտությամբ եւ որեւէ փոփոխություն տեղի չի ունենում»: Նրա 25-ամյա որդին՝ Արտյոմ Ադանալյանը սպանվել է Գյումրու իր տանը՝ 2014 թվականին: Ամբաստանյալի աթոռին միայն Արթուր Մարտիրոսյանն է հայտնվել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 23-ին նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Արթուր Մարտիրոսյանը դատաքննական իր խոսքում նշել է, թե ինքը ոչ մեկի մահը չի ցանկացել, միայն իր կյանքն է փրկել: «Դատախազությունը նշում է, որ այն անձը ով եւս սպանել է որդուս՝ Հովհաննես Թոփչյանը չկա, չեն կարող հայտնաբերել նրան: Ես գտա նկարներ վերջինիս գտնվելու մասին եւ ներկայացրի գլխավոր դատախազին»: Տիկին Ադանալյանի վստահեցմամբ՝ իր որդու սպանության գործը կոծկելու միտում կա, դրան օժանդակում են նաեւ իրավապահները: «Գյումրիի Մուշի բաժնի նախկին պետ Հրաչյա Սահակյանը եւ վերջինիս տեղակալ Արա Ազնավուրյանը մասնակից են այս գործին: Այս հանցավոր բանդային օգտագործել են որդուս սպանության համար»: Տիկին Ադանալյանը համոզված է՝ այս գործով նախաքննության ընթացքում խիստ մակերեսային քննություն է տարվել: «Դեպքի վայրում եղել են 20 անձինք, հայտնաբերվել են բաճկոններ, գլխարկներ, որոնք չեն հայտնաբերվել, թե ովքեր են, դիակի սխեմաները բացակայում են»: ՀՀ դատախազությունը դեռեւս այս տարվա մարտի 13-ին՝ հայտարարությամբ Ռուզաննա Ադանալյանի բոլոր պնդումներըհամարել է մերկապարանոց, փաստական հիմք չունեցող եւ անտրամաբանական: Այս պահին գործը Վերաքննիչ դատարանում է: Տուժողի իրավահաջորդի բողոքի պահանջն է՝ դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու, իսկ պաշտպանական կողմը իր հերթին պահանջում է արդարացում, կամ գոնե վերաորակում, կամ էլ պատժի մասով նվազեցում: