Եմենից Հայաստան եկած ընտանիքը աշխատանքի կարիք ունի (տեսանյութ)
Պատերազմի պատճառով Եմենը լքած Յասիր Աբդ ալ-Ազիզը յոթ ամիս է ապաստան է գտել Հայաստանում իր ընտանիքի հետ: Այստեղ նրանց բնակարան են տրամադրել մնալու համար, սակայն ընտանիքը բազմաթիվ խնդիրներ ունի: «Այստեղ մեզ տուն տվեցին, շատ շնորհակալ ենք, մնալու համար 5600 դրամ փող են տալիս ամսվա մեջ։ Դա շատ քիչ է, չգիտենք ո՞նց պահենք երեխային, մեզ ասում են՝ չգայիք, բայց ուր գնանք, ախր մենք հյուր ենք, եթե չեն կարողանում փախստական պահել, ապա ինչո՞ւ են ընդունում»,- ասում է Յասիրը։ Ընտանիքի հիմական բողոքն այն է, որ աշխատանք չեն կարողանում գտնել, իսկ աշխատավայրում խտրական վերաբերմունքի են արժանանում: «Մի ցեմենտի գործարանում էի աշխատում, ամեն աշխատանք անում էի, ինձ վճարում էին օրը 3000 դրամ, մյուսներին 5000 դրամ»,- պատմում է Յասիր Աբդ ալ-Ազիզը։ Կինը՝ Խադիջան, նշում է. «Ես մասնագիտությամբ ինժեներ եմ, բայց չեմ կարողանում այստեղ աշխատել։ Պահանջում են ռուսերեն, հայերեն։ Եթե ես կարողանայի աշխատել ու վաստակել, ոչ ՄԱԿ-ից, ոչ ուրիշ մեկից ոչ մի օգնություն չէի ուզի»,- ասում է նա։ Հատուկ կացարանում են բնակվում նաև Սիրիայից, Իրաքից եկած հայեր։ Նրանք բողոքում են որ մեկ սենյակում ապրում են 7-8 հոգով, չեն ստանում նաև իրենց հասանալիք օգնությունը: «Դուրսեն այդքան փող կուգա, ասում են օգնում ենք, օգնում ենք, բայց ո՞ւր են այդ փողերը, թող օգնեն մեզ, մեզ ոտքի կանգնեցնեն։ Մենք ուզում ենք հոս մնալ, ուրիշ երկիր չեն ուզում գնալ»,- պատմում է Աբրահամ Հայրապետյանը Սիրիայից։ 2009 թվականից պետական բյուջեից ֆինանսներ չեն հատկացվում փախստականների բնակարանային խնդիրների լուծման համար: Միգրացիոն պետական ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշում է, որ տեղյակ է խնդիրներից։ «Մենք գիտենք, որ կացարանի պայմանները լավագույնը չեն։ Հատուկ կացարանը սպասարկում է ավելի շատ մարդու քան նախատեսված է, մենք այլ վայր չունենք այդ մարդկանց տեղավորելու համար։ Սնննդի հատկացումը լինում է նորմերին համապատասխան։ Մենք սահմանել ենք ստուգում և այդ ստուգումը լինում է հանպատրաստի, կարծում եմ, որ սննդի մասով բողոքները տեղին չեն»,- ասում է Արմեն Ղազարյանը։ Խնդրին լուծում տալու համար արդեն իսկ մշակվում է ծրագիր նոր ապաստանի կառուցման համար։ Արմեն Ղազարյանը անդրադարձավ նաև վերջին օրերին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքող փախստականներին, ում հիմնական պահանջն էր Հայաստանից տեղափոխվել այլ երկիր: «Մենք չենք կարող իրականացնել։ Մենք չենք կարող երրորդ երկիր փոխանցել այդ մարդկանց»,-նշեց նա։ Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար տարեց տարի դիմումները շատանում են. 2017 թվականին դիմել է 156 հոգի, 99 ստացել է փախստականի կարգավիճակ, այս տարվա միայն առաջին կեսին դիմողները արդեն 108 հոգի են եղել , 52 ստացել փախստականի կարգավիճակ: Ավելին՝ տեսանյութով։