«Ռեստարտը» կոնսերվատորիա է հասել (տեսանյութ)
Երևանի պետական համալսարանում ծնունդ առած ռեստարտ նախաձեռնությունը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա է հասել։ Բուհում ուսանողները կազմակերպել էին իրենց առաջին քննարկումը, որի ընթացքում բարձրաձայնում էին առկա խնդիրների մասին: Հiմնական քննարկումը փակ էր նաև լրագրողների համար, օրակարգը քննարկելուց և մի քանի ելույթներից հետո լրագրողներին դուրս հրավիրեցին լսարանից: Ուսանողները չցանկացան նաև հարցազրույց տալ՝ շեշտելով, որ չեն ուզում իրենց բողոքների մասին տեղեկանա հանրությունը: Ուսանողները չխոսեցին, փոխարենը չհրաժարվեց հարցերին պատասխանել ռեկտորը. «Իսկապես պետք է ռեստարտ անել ողջ երկիրը և մասնավորապես մեր կատարողական արվեստը՝ երաժշտական, փոքր քայլերով»,- ողջունելով նախաձեռնությունը ասում է ռեկտոր Շահեն Շահինյանը: Ընդհանրապես՝ ռեկտորը հպարտանում է ուսանողների քաղաքացիական ակտիվությամբ. «Այն ինչ արեցին մեր ուսանողները կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրել, հենց դա է ռեստարտը»: Ռեկտորը համաձայում է՝ ուսման վարձերի չափը բարձր է և թերևս հենց այդ հանգամանքն է բողոքի հիմնական պատճառը, Երևանի պետական կոնսերվատորիայում ուսման տարեկան վարձը «Վոկալ արվեստ» մասնագիտացման համար կազմում է 800, իսկ մյուս բաժիններում՝ 700 հազար դրամ: Կոմիտասի անվան կոնսերվատորիայի անվճար համակարգում ուսանելու համար պետության կողմից հատկացված է տարեկան 60 տեղ, իսկ բուհ ընդունվողների թիվը տատանվում է 200-ից 250-ի սահմաններում: