Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական

Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը: Ուղերձում ասված է. «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում իրենց զգալի ներդրումն ունեցան բազում հայորդիներ։ Երկրորդ աշխար-հա-մարտի ավարտն ու խաղաղության հաստատումը Հայաստանի համար ունեցան բախտորոշ նշանակություն՝ ստեղծելով նոր՝ ավելի լայն հնա-րավորություններ մեր հանրապետության շենացման ու համակողմանի զարգացման համար։

Հաղթանակի օրը նորովի իմաստավորվեց 1992 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմամբ։ Այս կրկնակի տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի վճռականությունն ու կամքը՝ պաշտպանելու իր արժա-նա-պատվությունը, անվտանգությունը եւ ազատ զարգացման իրավունքը: Մենք գիտենք հաղթանակների եւ խաղաղության գինը։ Նաեւ տես-նում ենք դրանց պտուղները։ Ուստի եւ հավատարիմ ենք Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին։ Այն պետք է խարսխված լի-նի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության անշրջելի իրո-ղու-թյան վրա:

Շնորհավորում եմ մայիսյան այս մեծ տոնի եւ Շուշիի ազատագրման 15-ամյա հոբելյանի առթիվ։ Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, որը հնարավորություն կընձեռի ավելի մեծ չափով ծավալել հայրենաշեն գոր-ծունեություն եւ արժանի լինել մեր պատմական հաղթանակներին»:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նույնպես հանդես է եկել ուղերձով. «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 9-ի` Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Յուրաքանչյուր ազգի պատմության ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են: Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Մեր ժողովրդի պատմության մեջ քիչ չեն այդպիսի փառավոր հաղթանակների եւ սխրանքների հերոսական դրվագները:

Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ հաղթանակը ձեռք բերվեց նաեւ մեր ժողովրդի նվիրյալ զավակների աձնազոհության ու մաքառման շնորհիվ: Հայազգի հպարտ ու խիզախ զավակները խորհրդային բանակի շարքերում, դաշնակիցների զորքերում, դիմադրության շարժման մեջ ու պարտիզանական ջոկատներում տվեցին հերոսության, սխրանքի ու հայրենասիրության բացառիկ օրինակներ: Ես շնորհավորում եմ Մեծ Հայրենականի մեր վետերաններին, մաղթում նրանց ամուր առողջություն եւ երկար տարիների կյանք:

Հաղթանակի տոնը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի, որովհետեւ մենք նշում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի օրը, այլեւ մեկ այլ փառավոր տարեդարձ` Շուշիի ազատագրման տասնհինգամյակը: Տասնհինգ տարի առաջ, այս օրերին, խրամատներում էր գրվում Հայոց նորօրյա սխրանքների պատմությունը: Մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք նաեւ զենքով պաշտպանել մեր ժողովրդի ազատության, անկախության եւ խաղաղ կյանքի իրավունքը: Այսօր Շուշիի հերոսական հաղթանակի մեծագույն արդյունքը Արցախի փաստացի անկախությունն է:

Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին, որի հետ պայքարել ենք այս հաղթանակի համար, մեր ազատամարտիկներին, մեր բոլոր նվիրյալներին: Մենք խոնարհվում ենք մեր այն տղաների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի ազատության զոհասեղանին: Կրկին շնորհավորելով բոլորին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ` մաղթում եմ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն»:

ՓՈԽԱԴԱՐՁ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի կապակցությամբ, փոխադարձաբար շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Ֆրադկովը:

ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովին ուղղված շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո Միխայիլ Եֆիմովիչ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 62-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում, մեծարանքով են նշում իսկապես համաժողովրդական այդ տոնը: Մեծ հաղթանակը, որի դերն ու նշանակությունն այսօր եւս դժվար է գերագնահել, ձեռք է բերվել մեր հայրերի ու պապերի համատեղ ջանքերի շնորհիվ, որոնք անձնազոհ պայքար էին մղում ընդհանուր թշնամու դեմ, պաշտպանում հայրենի հողն ու գալիք սերուդների համար ապահովում խաղաղ ապագա:

Այս նշանակալից օրն ի սրտե մաղթում եմ Ձեզ, պատերազմի եւ թիկունքի վետերաններին, բոլոր ռուսաստանիցներին՝ երջանկություն, քաջառողջություն ու խաղաղ երկինք»:

ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի շնորհավորակա խոսքում ասված է. «Հարգելի Սերժ Ազատի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները մեր ընդհանուր տոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 62-րդ տարեդարձի կապակցությամբ: Արյունահեղ այդ պատերազմի մարտադաշտերում մեր վետերանների մարտական վաստակն ու թիկունքայինների աշխատանքային սխրագործությունները Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի ժողովուրդներին փրկեցին ստրկացումից, ապահովեցին խաղաղ, ստեղծարար ապագայի նրանց իրավունքը: Երախտապարտ մարդկությունը պարտավոր է մշտապես հիշել այդ մասին:

Համոզված եմ, որ հայ-ռուսական ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնց տարեգրության մեջ նվիրական փառավոր էջեր կան, ավելի կամրապնդվեն՝ ի նպաստ մեր երկրների, Կովկասում անվտանգության եւ կայունության:

Ձեզ եւ Հայաստանում բնակվող Մեծ հաղթանակի բոլոր վետերաններին մաղթում եմ քաջառողջություն, երկար կյանք եւ ամենայն հաջողություններ»:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ ողջունում եւ շնորհավորում ենք համայն մեր ժողովրդին` Հաղթանակի եւ Խաղաղության Օրվա առիթով:

Տոնական այս օրվա խորհուրդը անմահ է պանծալի հիշատակներով, որոնք մեր ժողովուրդը կերտել է Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում անցած մարտական փառավոր ուղիով, հայ զորահրամանատարների ու հերոսների սխրանքներով եւ վերածնված նույն քաջարի ոգով մեր օրերում պաշտպանելով Արցախի ազատ ապրելու արդար իրավունքը: Մենք այսօր տոնում ենք 15-րդ տարեդարձը Շուշիի ազատագրության, որը հանուն Արցախի մեր ժողովրդի հաղթական պայքարի խորհրդանիշն է:

1992 թ. մայիսի 9-ի օրհնաբեր օրվա ավետիսով ցնծում էր համայն հայության հոգին եւ այսօր վերստին ազգս հայոց միավորվել է հայրենի մեր հողի ազատագրության պանծալի խորհրդով: Արցախը այսօր լուսավորված է ազատության կենսաբեր շողերով եւ ապրում է վերածննդի շնչով` մարմնավորելով նվիրական իղձերը մեր ժողովրդի, արդարության նորոգված հույսն ու հավատը: Մեր ուրախությանը գումարվել է նաեւ մեր Հայրենիքի` Հայաստանի եւ Արցախի ազատ ու խաղաղ կյանքի առաջընթացի, ստեղծագործ բազում ձեռքբերումների եւ նվաճումների ուրախությունը:

Գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ կամեցավ պայծառ ու հուսաբեր առավոտը ազգային մեր կյանքի:

Աղոթք ենք բարձրացնում երկինք բյուրավոր հոգիների համար Երկրորդ աշխարհամարտի զոհերի եւ մեր արի զավակների, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախի ազատությանը:

Հայցում ենք, որ Տերը խաղաղ պահի աշխարհը համայն, մեր Հայրենիքն ու ժողովրդին եւ օրհնի մեր ջանքերը` ի խնդիր մեր արդար հույսերի իրագործման, եւ ի սեր հայրենի մեր երկրի բարգավաճման ու բարօրության»: