Հայաստանի առաջատար շախմատիստուհիները չկարողացան հաղթել (տեսանյութ)
Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան պետք է անպայման հաղթանակ տանեին, որպեսզի շարունակեին աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը: Ավաղ, մեր առաջատարը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ անսպասելի զիջելով ՖԻԴԵ-ի վարպետ Յուլյա Անտոլակին: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին իրենց մրցակցիների հետ: Նրանք վաստակեցին 6-ական միավոր եւ այժմ բաժանում են 20-46-րդ տեղերը, սակայն գործնականում զրկված են աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունից, քանի որ անհատական գործակիցներով զիջում են գլխավոր մրցակիցներին: Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը վաստակել են 5,5-ական միավոր, Մարիա Գեւորգյանը՝ 4,5, Սիրանուշ Ղուկասյանը՝ 4: Վաղը կկայանա առաջնության վերջին՝ 11-րդ տուրը: