Անկարգություններից հետո բերման ենթարկվածները ազատ են արձակվել. ՀՔԿ պարզաբանումը
Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում անկարգություններից հետո յոթ հոգու բերման էին ենթարկել։ Սակայն նրանք ավելի ուշ ազատ էին արձակվել։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ա1+»-ին ներկայացրեց նրանց բաց թողնելու պատճառը։ Ըստ նրա՝ քաղաքացիները չեն եղել անկարգություններ կատարած անձինք ։ Ներկայումս կատարվում է նախաքննություն՝ պարզելու անկարգություններ իրականացրած անձանց ինքնությունը։ Հիշեցնենք, որ վարույթ է ընդունվել Մաշտոց Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը։ Երեկ, ուշ երեկոյան, Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, այնուհետ քարերով, մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս: Չնայած Քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ նրանց ներկայացրել է որպես Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիաների մասնակիցներ, «Ելք» խմբակցության ղեկավարը պնդում է, որ նրանք կապ չունեն իրենց հետ եւ սա սադրանք է։