Անի Զախարյանն արդարացվեց, Վճռաբեկը վարույթ չընդունեց բողոքը
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի դեմ դատախազի ներկայացրած բողոքը: Վերաքննիչ դատարանն արդարացրել էր Անի Զախարյանին: Մեքենայում գտնվող եւ գործով որպես վկա դատակոչված 5 ոստիկանների ցուցմունքները վերաքննիչ դատարանը համարել է անարժանահավատ եւ իրարամերժ, քանի որ նրանք տարբեր ժամանակահատվածներում տարբեր ցուցմունքներ են տվել: Իսկ ահա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը Անի Զախարյանին մեղավոր էր ճանաչել 2016 թ հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու համար առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման: Անի Զախարյանի պաշտպան Զորայր Հարությունյանը ամբողջովին տրամաբանական է համարում բողոքը վարույթ չընդունելը. «Դատարանն արել է այն, ինչ պետք է աներ առաջին ատյանի դատարանը»: