«Գործատուներն՝ ի դեմս ԱԺ պատգամավորների, պաշտպանված են» (տեսանյութ)
Աշխատողների իրավունքներն այսօր շատ ցածր են պաշտպանված: Պատճառներից մեկը փոքր աշխատաշուկան է, երբ քաղաքացին աշխատանքը չկորցնելու համար՝ հանդուրժում է գործատուի առաջարկած անբարենպաստ պայմանները: «Մենք չունենք պետական մարմին, որ կարող է կանխարգելել աշխատողների իրավունքների խախտումները. իրավունքը վերականգնելն ավելի դժվար է, քան դրա կանխարգելումը»,- նշեց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը: Ըստ փորձագետների, անհրաժեշտ է վերահսկող մարմին: «ՕքսԵՋեն» հիմանդրամի եւ EPD-ի անցկացրած «Երկխոսություն ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների շուրջ. մարտահրավերներ եւ լուծումներ» թեմայով քննարկման մասնակիցների համոզմամբ՝ այդ մարմինը պետք է լիներ Աշխատանքի տեսչությունը, որը 2013թ. միավորվել է Առողջապահության տեսչությանը եւ իր շատ գործառություներ ուղղակի կասեցվել են: «Այս տեսչության գործառույթներից, փաստորեն, դուրս են մնում բուն աշխատանքային կարեւոր խնդիրներ, օրինակ՝ աշխատանքային պայմանագրերի հարցը, անօրինական՝ չգրանցված աշխատողների խնդիրը, սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունելու-ազատելու հետ կապված խնդիրը եւ այլն: Ներկայիս տեսչությունն հիմնականում կենտրոնանում է աշխատողների առողջության, անվտանգության հարցերի վրա», «Ա1+»ի հետ զրույցում ասաց փորձագետ Ավետիք Մեջլումյանը։ «Մեր կարծիքով այդ կարեւոր լծակները բացառապես բերում էին կոռուպցիոն ռիսկերի, քանի որ այդ լծակները իրենց վերջնական հանգրվանին չէին հանգում: Ենթադրենք՝ բացահայտում էր 5 մլն դրամի իրավունքի խախտում, բայց կգար 50 հազար դրամ տուգաներ, կգնար: Դրանից խախտված իրավունքը չէր վերականգնվում, եւ նույն տեսչությունն ուղղորդում էր դատարան՝ հարցը լուծելու համար»,- նկատեց ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը: Որպես աշխատողների իրավունքի ցայտուն օրինակ՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցրեց ԱԺ ընտրություններին «ՍԱՍ գրուպ»-ի, ինչպես նաեւ՝ դպրոցների տնօերների հայտնի ձայնագրությունները. «Մի ամբողջ 200-300-ոց խմբում ոչ մեկ չի համարձակվում մի ծպտուն հանի, երբ գործատուն որոշակի պահանջներ է դնում: Երբ որ խոսում են գործատուների անպաշտպանվածության մասին, ես վստահեցնում եմ՝ հանձինս ԱԺ պատգամավորների՝ բոլոր գործատուները պաշտպանված են առավել, քան՝ գոնե պատգամավորական մանդատով: ՍԱՍ-ի Արտակը, Գագիկ Ծառուկյանը, չնայած, պաշտպանված են այնքանով, որքանով Սերժ Սարգսյանի կողմից դեռեւս հետապնդման չեն ենթարկվել»: Ոլորտի մասնագետներն ահազանգում են՝ գործատու-աշխատող նոր կարգավորումներով, որոնք սահմանվել են ԱԺ առաջին ընթերցումն անցած Աշխատանքային նոր օրենսգրքով, իրավիճակն ավելի է սրվելու՝ պետական աշխատողներ առավել պաշտպանված եւ իրազեկված կլինեն, քան մասնավոր սեկտորի աշխատողները: