Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալի դիմումը մերժվեց (տեսանյութ)

Հասարակություն
cmah

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանը նույնիսկ 23 տարի անց չի կարող վաղաժամկետ ազատ արձակվել:  Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը:  «Չգործող ինստիտուտ է, ընդամենը թղթի վրա է նշված, եթե հիմնավորումը նայենք, ես չգիտեմ դատարանը ինչով է հիմնավորելու որոշումը: Ասենք, կարող է նշել, որ 20 տարվա ընթացքում երկու տույժ է ունեցել, դա պատճառ չէ: Ձեւական բնույթ է կրում տույժի առկայությունները»,- ասաց պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը:      Անկախ հանձնաժողովը մերժել էր ցմահ դատապարտյալին, որպես հիմք ընդունելով այն, որ առկա է ռեցեդիվի հանգամանք: Առաջին ատյանի դատարանն էլ անփոփոխ էր թողել հանձնաժողովի  որոշումը:  Նախորդ դատական նիստին  վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը հետաձգել էր նիստը՝ պարզելու ՝ ռեցեդիվի հանգամանք առկա է, թե՝ ոչ:  Ոստիկանությունից էլ ստացվել էր պատասխան, ըստ որի Ստեփան Գրիգորյանի գործով առկա չէ ռեցեդիվ. «Մի մեծ հիմնաքար  հանվեց անկախ հանձնաժողովի որոշումից, դուրս եկավ, սակայն արդյունքը մնաց նույնը:  Կարմիր գծով գնում էր առկա է ռեցեդիվ, առկա է ռեցեդիվ, դատախազն էլ իր ելույթում անընդհատ դրան էր անդրադառնում: Սա նորմալ չէ, սա իրավական երկրին բնորոշ երեւույթ չէ»,- ավելացրեց պաշտպանը: Մոտ 30 ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործերով մերժումները, ըստ պաշտպանի,  վկայում են այն մասին, որ  ինստիտուտը չի գործում: Սա լուրջ խնդիր է դառնում Հայաստանում անկախ  դատարանի  կայացման գործում. «Բազմաթիվ զեկույցներ, թե իրավապաշտպան կառույցներ անդրադարձ են կատարել, որ դատարանները դեռեւս չունեն այն անկախության մակարդակը, որպեսզի կարողանան իրենց ներքին համոզմամբ անկախ դատական ակտ կայացնեն»,- նշեց Ռոբերտ Ռեւազյանը: Դատարանի այսօրվա որոշումը կբողոքարկվի ոչ միայն վճռաբեկ, այլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: